Հայաստանում գնաճն ապրիլին աճել է Մերձավոր Արևելքում հակամարտության և մատակարարման շղթաներում առկա լարվածության ֆոնին․ՀԲ

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի/ԱՌԿԱ/ Հայաստանում գնաճը ապրիլին շարունակել է աճել Մերձավոր Արևելքում հակամարտության և մատակարարման շղթաներում առկա լարվածության ֆոնին, ասվում է Համաշխարհային բանկի «Armenia Monthly Economic Update – May 2026» ամփոփագրում։

«Ապրիլին գնաճն աճել է մինչև 5,3% տարեկան կտրվածքով և 1,3%՝ ամսական։ Դրան նպաստել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների թանկացումը 9,5%-ով (տ/տ), ինչն ապահովել է տարեկան գնաճի 70,3%-ը»,- ասվում է հետազոտության մեջ։

Նշվում է, որ ալկոհոլային խմիչքների և առողջապահության ոլորտի ծառայությունների գների աճը կազմել է համապատասխանաբար 7,7% և 4,2% տ/տ, իսկ տրանսպորտի ոլորտում գնաճը մնացել է չափավոր՝ 2% տ/տ մակարդակում, ինչին նպաստել է բենզինի գնի 7% նվազումը Ադրբեջանից վառելիքի ներկրման բացումից հետո։

«2026 թվականի մայիսի 5-ի նիստում Հայաստանի Կենտրոնական բանկը որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ 6,5% մակարդակում, չնայած բարձր անորոշության պայմաններում գնաճի արագացմանը»,- ասվում է զեկույցում։

Հայաստանի 2026 թվականի պետական բյուջեում գնաճն ամրագրված է  3% (±1%) մակարդակում։ Ըստ ընթացիկ տարվա առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության վերաբերյալ ԿԲ-ի հաշվետվության՝ 2026 թվականի արդյունքներով Հայաստանում գնաճը, կախված սցենարից (A-B), ակնկալվում է 4,4-3,3%, 2027 թվականի կանխատեսումը՝ 3,5-3,1%, 2028 թվականի համար՝ 3,2-3,1%։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *