Իրանի բանակի խոսնակը հայտարարել է, որ պատրաստ է նոր ռազմաճակատներ բացել հետագա ագրեսիայի դեպքում

Իրանի ցամաքային զորքերի մամուլի քարտուղար, բրիգադային գեներալ Մոհամմադ Աքրամինիան հայտարարել է, որ երկրի զինված ուժերը պատրաստ են «նոր ճակատներ» բացել հակառակորդի դեմ, եթե վերջինս հերթական ագրեսիան ձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ, հաղորդում է «Mehr»-ը։

Ելույթ ունենալով Թեհրանի Վալի-ե Ասր հրապարակում կայացած հանրային միջոցառման ժամանակ՝ գեներալ Աքրամինիան ընդգծել է, որ «Իրանի Իսլամական Հանրապետությանը հնարավոր չէ շրջափակել կամ հաղթել»։

«Եթե թշնամին հերթական սխալը թույլ տա և նորից ընկնի սիոնիստների թակարդը, ինչպես նաև նոր ագրեսիա սկսի Իրանի դեմ, մենք նրա դեմ նոր ճակատներ կբացենք՝ կիրառելով նոր գործիքներ ու մեթոդներ»,- հայտարարել է նա։

Բանակի ներկայացուցիչը նաև նշել է, որ զինվորականները հրադադարի շրջանը դիտարկում են որպես պատերազմական վիճակի շարունակություն՝ այն օգտագործելով մարտունակության ուժեղացման համար։

Աքրամինիայի խոսքով՝ Իրանի զինված ուժերը լիովին վերահսկում են Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակը և համարում են, որ այս ռազմավարական կարևոր ջրային ուղու դրությունը «երբեք չի վերադառնա նախկին վիճակին»։

«Հակառակորդի միակ ուղին իրանցի ժողովրդին հարգելն ու Իրանի Իսլամական Հանրապետության օրինական իրավունքները պահպանելն է»,- հավելել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *