Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստներից մեկը կմիանա Ժոզե Մոուրինյուի մարզչական շտաբին՝ «արքայական ակումբ» պորտուգալացի մասնագետի հնարավոր վերադարձից հետո։ Այս մասին սոցցանցերում հայտնել է հայտնի լրագրող Միգել Սերանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ նախկին խաղացողի հիմնական առաքելությունը լինելու է անմիջականորեն թիմի հետ աշխատանքը։ Նրա խնդիրն է լինելու ընթացիկ մրցաշրջանի բարդ իրադարձություններից հետո ֆուտբոլիստներին փոխանցել «Ռեալի» իսկական արժեքներն ու ակումբային փիլիսոփայությունը։ Թե կոնկրետ ով է այդ ֆուտբոլիստը, առայժմ չի բացահայտվում։
Նախօրեին ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ Ժոզե Մոուրինյուի և «Ռեալի» միջև գործարքն արդեն փակված է, թեև պաշտոնական հայտարարություն դեռևս չի տարածվել: Ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ «Special One»-ի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է լինելու երկու տարով: