Դոնալդ Թրամփի վարչակազմը «չի շտապում» երկարաձգել Չինաստանի հետ գործող առևտրային հրադադարը սակագների և խիստ կարևոր նշանակության հանածոների մատակարարման ոլորտում, որի ժամկետն լրանում է նոյեմբերին։ Դրա մասին Reuters-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը՝ G7-ի ֆինանսների նախարարների հանդիպման շրջանակում։
Ըստ Բեսենթի՝ կողմերը դեռ ժամանակ ունեն բանակցելու համաձայնագրի հնարավոր երկարաձգման շուրջ այս տարի ավելի ուշ տեղի ունենալիք հանդիպումների ընթացքում։ Նա վստահություն է հայտնել, որ Չինաստանը կհամաձայնի ամերիկյան սակագների նախկին դրույքաչափերի վերականգնմանը՝ 301-րդ հոդվածի (Section 301) շրջանակում սահմանված նոր մաքսատուրքերի ներքո, եթե դրանք չբարձրացվեն։
Նախարարը նշել է, որ վերջին ամիսներին Պեկինը սակագների որոշակի թուլացումներ է ստացել ԱՄՆ Գերագույն դատարանի որոշումից հետո, որը չեղարկել էր Թրամփի վարչակազմի՝ նախկինում ներմուծած գլոբալ արտակարգ մաքսատուրքերի մի մասը։ Այդուհանդերձ, ըստ նրա, դա չի նշանակում կայուն առաջընթաց Չինաստանի ստանձնած պարտավորությունների կատարման գործում։
«Կարծում եմ՝ մենք չենք շտապում երկարաձգել [հրադադարը]։ Իրավիճակը կայուն է»,- հայտարարել է Բեսենթը։
Նա հավելել է, որ Չինաստանը խիստ կարևոր հանածոների մատակարարման ոլորտում պարտավորությունների կատարման «բավարար, բայց ոչ գերազանց» մակարդակ է ցուցաբերում, և Վաշինգտոնը շարունակում է ուշադիր հետևել իրավիճակին։
Ըստ նրա՝ ակնկալվում է, որ ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը սեպտեմբերին կայցելի Վաշինգտոն՝ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման համար։ Մինչ այդ, ԱՄՆ ֆինանսների նախարարը բանակցություններ կվարի իր չինացի գործընկեր Հե Լիֆենգի հետ՝ առևտրային հարցերի մանրամասները համաձայնեցնելու համար։
Բեսենթն ընդգծել է, որ քննարկումները շարունակվում են, իսկ սակագնային հրադադարի երկարաձգման կամ վերանայման վերջնական որոշումը կախված կլինի երկու երկրի միջև բանակցությունների հետագա առաջընթացից։