
Մայիսի 16-ին Տաշիրի բնակիչները մերժել էին ՔՊ-ին՝ Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ: Նրանք արժանացել էին սառը ընդունելության և հիասթափված ու գլխիկոր հեռացել էին Տաշիրից ու հարակից գյուղերից։ ՔՊ-ի քարոզարշավի ժամանակ քաղաքացիները վանկարկել էին «Սամվել, վարչապետ», ինչը զայրացրել էր Սուրեն Պապիկյանին, ով ոստիկանություն էր կանչել եւ նրանք թվով 10 անձի բերման էին ենթարկել:
10 ընդդիմադիր քաղաքացու ձերբակալությունը բացատրեցին քարոզչություն կատարելուն խոչընդոտելու հանգամանքով: Քննչական կոմիտեն վարույթ նախաձեռնեց, այդ անձանց որպես մեղադրյալ ներգրավեցին: Այսօր ՔԿ-ն հաղորդեց, որ 10 անձից 6-ի դեպքում դատարանը բանտային կալանք է սահմանել, իսկ 4-ին տնային կալանք են տվել.․«Նորաշեն և Մեծավան բնակավայրերում «Ուժեղ Հայաստան» դաշինքի մի խումբ աջակիցների կողմից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի բնականոն ընթացքը խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 10 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որից 6-ը կալանավորվել է, 4-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք: Կատարվում են ակտիվ քննչական գործողություններ՝ հանցագործությանը մասնակից այլ անձանց արարքներին իրավական գնահատական տալու ուղղությամբ»։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, պատգամավորության թեկնածու, փաստաբան Ռուբեն Մխիթարյանը քրեական վարույթի, տեղի ունեցածի վերաբերյալ մեզ փոխանցեց․ «Դա ուղղակի իրենց փոքրոգությունն է, ոչինչ չեն արել, ուղղակի փորձում են վախի մթնոլորտ ստեղծել, բայց դրանով ոչ մեկը չի վախենալու, իհարկե։ Ինձ էլ էին տվել կալանք, նստեցի, ի՞նչ է փոխվել իմ կյանքում, դիրքորոշո՞ւմս է փոխվել, ուղղվածությո՞ւնս է փոխվել: Նիկոլի իրական դեմքն է, նորմալ է։ Վերջում պարզվելու է, որ քրեական գործի տակ ոչինչ չկա, ուղղակի փորձում են վախի մթնոլորտ ստեղծել, մեկուսացնել, տիպիկ 2026 թվականի Հայաստան»։
Կալանավորված անձանցից մի քանիսի պաշտպանությամբ զբաղվում է փաստաբան Զորի Բաբայանը, նրանից հետաքրքրվեցինք՝ ինչ դիրքորոշում ունեն մեղադրանքի, ընտրված խափանման միջոցի հետ կապված, լսեց հարցրերը եւ պատասխանեց, թե իր տեղը հարմար չէ խոսելու համար։
Մեծավանի նախկին ղեկավար Արման Վարդանյանն էլ, որը երեկ իրենց համայնքում ջերմ դիմավորել է Նիկոլ Փաշինյանին, հրաժարվեց օրեր առաջ տեղի ունեցածի վերաբերյալ մեկնաբանություն տալ։ Կալանավորվածներից մեկը իր համագյուղացի Շոթի Դանիելյանն է, հարցրինք՝ ինչպե՞ս է վերաբերում նրա կալանավորմանը, ասաց՝ հեռախոսով հարցազրույց չի տալիս։ Դե մենք էլ այս մեկ հարցի պատասխանը ստանալու համար չենք կարող Տաշիրի Մեծավան համայնք հասնել: