
Այսօր «Հայաստան» դաշինքի առաջնորդ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քարոզարշավի շրջանակում Շիրակի մարզում հանդիպումներ ունեցավ բնակիչների հետ, որի ընթացքում հանդես եկավ մի շարք հայտարարություններով։
Անդրադառնալով «Մարտի 1»-ի թեմային՝ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց. «8 տարի է «Մարտի 1»-ի թեմայի մեջ ենք։ «Մարտի 1»-ի որևէ սպանություն բացահայտված չէ։ Նրանք չեն խորանում այդ հարցերի մեջ մեկ պատճառով՝ իրենք իրենց վրա դուրս չգալու համար»։
Խոսելով տարածքային զարգացման խնդիրների մասին՝ երկրորդ նախագահը նշեց. «Հայաստանի համար վտանգավոր է ունենալ պետություն-քաղաք մոդելը։ Իսկ տարածքային զարգացման համար կառավարությունը պետք է շատ հստակ ծրագրեր ներկայացնի»։
Գերիների հարցին անդրադառնալով՝ նա ասաց. «Այս իշխանությունը ոչ միայն չի զբաղվում արցախահայ գերիների հարցով, այլ, համոզված եմ՝ ուզում են, որ նրանք այնտեղ մնան, որ հանկարծ հեղինակություն ունեցող մարդիկ չհայտնվեն այստեղ և չփորձեն միավորել արտագաղթած արցախցիներին»։
Քոչարյանը նաև քաղաքական կոչ հնչեցրեց՝ ասելով. «Հունիսի 7-ին հնարավորություն ունենք ապտակել այդ ստահակին, որը համարձակվել է վիրավորել մեր ժողովրդի մեծամասնությանը»։
Իր ելույթի ընթացքում նա նաև պայքարի կոչ արեց՝ ընդգծելով. «Առաջ գնալուց, պայքարի մեջ մտնելուց հետ մի՛ նայիր։ Խրամատը վերցնելիս արագություն պիտի հավաքես․ թափ հավաքես ու հետ չնայես»։
Անդրադառնալով անվտանգային հարցերին՝ ասաց նաև. «Թիկունք չի մնացել։ Հերթական սխալը լինելու է Սյունիք, Արևմտյան Ադրբեջան, մի գուցե մզկիթների կառուցում Հայաստանի տարածքում»։