Կենսաչափական անձնագրերին զուգահեռ Հայաստանում կներդրվեն նաև e-gate համակարգեր

Մայիսի 19-ին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որտեղ քննարկվել են սահմանային անցակետերում e-gate համակարգի ներդրման հնարավորությունների, տեխնիկական և գործառնական բաղադրիչների վերաբերյալ հարցեր։ Այս մասին NEWS.am–ին հայտնում է ՆԳՆ-ն։

Քննարկմանը մասնակցել են Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը, Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի նախագահ Ներսես Երիցյանը, գործընկեր գերատեսչությունների ներկայացուցիչներ։

Ընդգծվել է, որ e-gate համակարգը թույլ կտա ավտոմատացնել սահմանային հսկողության գործընթացը, կրճատել քաղաքացիների սպասարկման ժամանակահատվածն ու կատարելագործել նույնականացման մեխանիզմները։

Նշվել է, որ համակարգը հնարավորություն կտա ավտոմատ իրականացնել կենսաչափական նույնականացում։

Անդրադարձ է կատարվել համակարգի տեխնիկական սպասարկմանն ու ծրագրային ապահովմանը։ Ընդգծվել է, որ համակարգի արդյունավետ գործունեության համար կարևոր են տվյալների մշակման, ռիսկերի գնահատման և կառավարման մեխանիզմների ներդրումը, ինչը թույլ կտա արագացնել սահմանային հսկողության ընթացակարգերը։

Կարևորվել է միջգերատեսչական համագործակցության ամրապնդումն ու սահմանային կառավարման ոլորտում միջազգային փորձի կիրառումը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համակարգի ներդրման ուղղությամբ աշխատանքները:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *