Oragir.News-ի տեղեկություններով՝ օրերս հայ-թուրքական սահմանի՝ Շիրակավան գյուղի հատվածում, սահմանախախտման դեպք է արձանագրվել։ Սահմանախախտին, ըստ տեղեկությունների, գյուղացիներից մեկն է բռնել և հանձնել ԱԱԾ սահմանապահ զորքերին։
Դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն, սակայն Oragir.News-ի աղբյուրի փոխանցմամբ՝ վերջին 2-3 տարիներին այս հատվածում սահմանախախտման այլ դեպքեր ևս եղել են, որոնք տարբեր պատճառներով չեն բարձրաձայնվել։
Տեղեկության վերաբերյալ Oragir.News-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Շիրակավանի վարչական ղեկավար Վաչագան Ավետիսյան-ից։
Սկզբում Ավետիսյանը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց տեղեկությունը, ապա նշեց, որ լսել է նման խոսակցություններ, սակայն մանրամասներին տեղյակ չէ։
«Ես այս պահին արձակուրդում եմ, թիմակիցներիս հետ քարոզարշավ ենք անում։ Դեպքը մոտ երկու օր առաջ է եղել։ Այլազգի է, թուրք չէ։ Դժվար թե թուրք լինի, ավելի շատ Սուդանի կողմերից փախած մարդու է նման։ Ես դեմքը չեմ տեսել, բայց համոզված եմ՝ արաբ է, ոչ թե թուրք»,- նշել է վարչական ղեկավարը։
Շիրակավանի վարչական ղեկավարը չհերքեց, որ մի քանի անգամ եղել է սահմանախախտում։
Ֆոտոշարք։
Անահիտ Չալիկյան


