«Սա որակում ենք որպես քաղաքական պատվեր»․ ԱԺԲ

«Սա որակում ենք որպես քաղաքական պատվեր»․ ԱԺԲ

Ազգային-Ժողովրդավարական Բևեռը հանդես է եկել հայտարարությամբ․ «Ոստիկանությունն ապօրինի կերպով խոչընդոտում է Բևեռի քարոզարշավը.
     Քիչ առաջ Վայք քաղաքում Ոստիկանության աշխատակիցներն ապօրինի կերպով առգրավել և բաժին են տեղափոխել «Ազգային-ժողովրդավարական Բևեռի» քարոզչական փիքափ (pickup) մակնիշի մեքենան, որն իրականացնում էր բնակչության իրազեկման աշխատանքներ։
     Որպես պատճառաբանություն ոստիկանները ներկայացրել են այն անհեթեթ պնդումը, թե իբր մեքենան ենթարկվել է տեխնիկական վերասարքավորման, ինչի համար համապատասխան լիցենզիա առկա չէ։
     Ինչո՞ւ է սա բացահայտ քաղաքական դիտավորություն.
     Երկակի ստանդարտներ. Նույն այս մեքենան վերջին 3 օրերին անընդմեջ, նույն կահավորմամբ շրջում էր Երևանում, և իրավապահ մարմինների կողմից որևէ խնդիր կամ հարց չի բարձրացվել։
     Միտումնավոր խոչընդոտում. Մեքենան կանգնեցվել և առգրավվել է հենց այսօր՝ Սյունիքի մարզ ուղևորվելու կես ճանապարհին։ Սա ուղղակիորեն փաստում է, որ գործընթացը կրում է նպատակային բնույթ՝ տապալելու Բևեռի նախընտրական քարոզարշավը մարզերում։
     Ազգային-ժողովրդավարական Բևեռը սա որակում է որպես քաղաքական պատվեր և քարոզչության իրականացմանը խոչընդոտելու հատուկ դիտավորություն։
     Հրավիրում ենք հանրության, իրավապաշտպանների և ընտրական գործընթացին հետևող միջազգային ու տեղական դիտորդների ուշադրությունը տեղի ունեցող ապօրինության վրա։ Իշխանությունները, կիրառելով վարչական ռեսուրսը, փորձում են լռեցնել այլախոհությունը և խախտել հավասար մրցակցային պայմանները։
     Պահանջում ենք անհապաղ դադարեցնել ապօրինի սահմանափակումները և վերադարձնել մեքենան»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *