ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հիմնական դպրոցի նոր մասնաշենք, ապա նախակրթական և ավագ դպրոց, եղել բուհի մի շարք մասնաշենքերում, շրջել վերակառուցվող և արդիականացվող տարածքներում: Նախարարին ուղեկցել են Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը:
Օրերս ընդունվել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 2026–2031 թթ. ռազմավարությունը, որը, ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանի խոսքով, միտված է նախադպրոցականից մինչև բարձրագույն կրթության ամբողջական զարգացմանն ու առաջընթացի ապահովմանը։
ՀԱՊՀ 8-րդ մասնաշենքը հիմնովին նորոգվել է և ծառայելու է որպես բուհի STEM հիմնական դպրոց։ Նշվել է, որ մասնաշենքը ժամանակին նախատեսված էր մեքենաշինության ֆակուլտետի համար, սակայն ֆակուլտետների միավորման արդյունքում որոշում է կայացվել այն հատկացնել հիմնական դպրոցին՝ 1-9-րդ դասարանների կրթության կազմակերպման նպատակով։ Հիմնական դպրոցը ներառում է 36 դասասենյակ, մանկավարժական անձնակազմի համար նախատեսված աշխատասենյակներ, ինչպես նաև ուսումնական և արտադրական նշանակության լաբորատորիաներ, որոնցում աշակերտները հնարավորություն կունենան իրականացնելու ԲՏՃՄ ուղղվածությամբ նախագծային աշխատանքներ։
Դպրոցը կապիտալ վերանորոգվել է բարձրորակ և բնական նյութերով՝ հատուկ դիզայներական լուծումներով։ Ստեղծվել է ժամանակակից և հարմարավետ միջավայր, որը միտված է կրթական գործընթացն առավել ներգրավող և արդյունավետ դարձնելուն։ Նշվել է նաև, որ դպրոցը հնարավորություն կունենա ընդունելու շուրջ 600 աշակերտի․ յուրաքանչյուր տարիքային խմբի համար նախատեսված է չորս դասարան, յուրաքանչյուրում՝ 16 աշակերտ։
Նախատեսվում է դպրոցի բացման արարողությունն իրականացնել նոր ուսումնական տարվան ընդառաջ։ Նախարարին ներկայացվել են նաև շինարարական աշխատանքների ավարտական փուլը և գույքի կահավորման ընթացքը։ Դպրոցն ունենալու է առանձին սննդի սրահ՝ օրական չորսանգամյա սննդի ապահովմամբ։ Գոռ Վարդանյանի տեղեկացմամբ՝ ճաշացանկը մշակել են մասնագետները, իսկ սրահը կահավորվել է համապատասխան սարքավորումներով, ինչը հնարավորություն կտա միաժամանակ սպասարկել ավելի քան 600 անձի։ Նախատեսված են նաև առանձին դահլիճ, սպորտային սրահ և բացօթյա խաղային գոտիներ։ ՀԱՊՀ ռեկտորի գնահատմամբ՝ հիմնական դպրոցը դարձել է կրթական ամբողջական շղթայի կարևոր բաղադրիչը՝ հաշվի առնելով, որ հիմնադրամն արդեն ուներ նախակրթարան, ավագ դպրոց, միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններ:
ԿԳՄՍ նախարարն այցելել է նաև ՀԱՊՀ նախակրթարան, որտեղ շուրջ 40 սան STEM ուղղվածության ռոբոտատեխնիկայի խմբակների միջոցով զարգացնում են տրամաբանական և կիրառական հմտությունները։ Նախարարին է ներկայացվել նախակրթարանի վերակառուցված հատվածը. նախատեսվում է նախակրթարանում ապահովել ավելի քան 100 երեխայի նախադպրոցական կրթություն՝ սկսած 2 տարեկանից:
Ներկայացվել են նաև ՀԱՊՀ ավագ դպրոցի գործունեությունը, ինչպես նաև սովորողների ավարտական և խմբային նախագծային աշխատանքները։ Նախարարը ծանոթացել է նաև սպորտային համալիրի վերակառուցման ծրագրին, PMI Science-ի աջակցությամբ վերակառուցված ակադեմիական այգուն, ստարտափ ինկուբացիայի և աքսելերացիայի հաբին, եղել դիզայնի և կերպարվեստի, ինչպես նաև ճարտարագիտական գրաֆիկայի ամբիոնում, զրուցել ուսանողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ։
Այցի ընթացքում համալսարանի ուսանողները ցուցադրել են նաև A7 համակարգերով մշակված ավարտական նախագիծը, որը նախատեսված է համալսարանի բակային տարածքի ոռոգման ավտոմատացման համար։
Ներկայացվել են նաև լսարանների վերազինման և տեխնոլոգիական արդիականացման ծրագրերը։ Բարեփոխումներն ուղղված են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում նոյեմբերի 18-20-ը կայանալիք Եվրոպայի համալսարանների ասոցիացիայի որակի ապահովման տարեկան համաժողովի պատշաճ անցկացմանը։
Ենթակառուցվածքների նախագծերի դիզայներական լուծումները, չափագրումները և նյութերի ընտրությունն իրականացվում են բացառապես համալսարանի ուսանողների, դասախոսական և վարչական անձնակազմի ուժերով: Ժաննա Անդրեասյանը կարևորել է համալսարանում իրականացվող լայնածավալ բարեփոխումներն ու ընդգծել, որ ժամանակակից և պատշաճ պայմանների ապահովումը կարևոր դեր ունի կրթության արդյունավետ կազմակերպման, սովորողների ներուժի բացահայտման և մրցունակ կրթական միջավայրի ձևավորման գործում։ ԿԳՄՍ նախարարը բարձր է գնահատել նաև այն հանգամանքը, որ իրականացվող ծրագրերում ակտիվ ներգրավվածություն ունեն համալսարանի ուսանողներն ու մասնագիտական համայնքը՝ ընդգծելով, որ նման մոտեցումը նպաստում է գործնական կրթության ամրապնդմանը, ստեղծարար մտածողության զարգացմանն ու մասնագիտական հմտությունների ձևավորմանը։
ՀԱՊՀ-ում իրականացվող շինարարական և ենթակառուցվածքային ծրագրերի ավարտը նախատեսվում է մինչև ընթացիկ տարվա ավարտը։