
16 տարի առաջ հայաստանյան ընդդիմադիր մամուլում տարածվեց Ռոբերտ Քոչարյանի 4 միլիարդ դոլարի ունեցվածքի վերաբերյալ լուրը: Այն վերատպվել էր երկրորդական կարգի ռուսական (versia.ru) պարբերականից: Այդ օրերին, որպես ընդդիմադիր անձնավորություն, հավատացել եմ դրա իսկությանը: Իսկ 2023 թվականի վերջին դատախազությունը դատարան է ներկայացրել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմումներ: Քոչարյանից և նրա ընտանիքի անդամներից պահանջել է բռնագանձել 25 միավոր անշարժ գույք՝ հիմնականում Երևանի կենտրոնում, 5 տրանսպորտային միջոց, մասնակցություն հայաստանյան և արտասահմանյան 16 իրավաբանական անձերում, ավելի քան 4 միլիոն ԱՄՆ դոլարի ավանդներ և արժեթղթեր, շուրջ 10 միլիարդ դրամին համարժեք փոխառությունների պահանջի իրավունք, չնույնականացված ծախսերի ավելի քան 35 միլիարդ դրամ:
Ասեմ, թե ինչու եմ մանրամասնորեն ներկայացրել դատախազության գույքային պահանջը: Որովհետև եթե, նույնիսկ, ընդունենք, որ այդ ամենը ճշմարիտ էր, 2016-ին դա ոչ միայն 4 միլիարդ, այլև այդ գումարի մեկ տասներորդ մասն էլ չէր կարող կազմել: Բժշկական կենտրոններից մեկի առումով, օրինակ, ՀՀ երկրորդ նախագահը հայտարարել է, որ իր ընտանիքը դրա հետ կապ չունի, ու ադ հայտարարությունը չի հերքվել համապատասխան հիմնավորմամբ: Ահա այդպես էր գործում այն ընդդիմությունը, որի ներկայացուցիչներից մեկն այսօր զբաղեցնում է երկրի վարչապետի պաշտոնը: Ու, բնականաբար, պետք է շարունակեր գործել այնպես, ինչպես սովոր էր: Ու դրա առաջին արարը Վեհափառի եղբոր՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի՝ ԽՍՀՄ հատուկ ծառայության՝ ԿաԳեԲե-ի գործակալ լինելու վերաբերյալ կեղծ փաստաթուղթն էր:
Այս տեղեկատվությամբ զինված՝ գանք Կարապետյանների վերաբերյալ լուրերի պատմությանը: Սամվել Կարապետյանը մեղադրվում է, որ նախորդ դարավերջին եղել է ռուսական հատուկ ծառայությունների աշխատակից: Ինչն, իհարկե, հերքվեց վերջինիս կողմից: Նրա եղբոր որդին էլ մեղադրվեց, որ ՀՀ-ի հետ մեկտեղ ունի նաև ՌԴ քաղաքացիություն, ինչը թաքցվել է իր կողմից: Ու այդ առումով քրեական գործ հարուցվեց: Ինչին, ի պատասխան, Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ բոլոր նրանց հանդեպ, ովքեր շրջանառել են այդ տեղեկատվությունը, քաղհայցով դիմելու են դատարան: Եվ նրանցից բռնագանձված գումարներն ուղղվելու են Սևանի հոգեբուժարանին: Որպեսզի այնտեղ անվճար հիմունքներով տեղավորեն այն մարդկանց, ովքեր ունեն հոգեկան խնդիրներ ու կարող են վախեցնել ուրիշներին: Իսկ թե ով է այդպես վարվում՝ պարզ երևաց անցած մի քանի օրը: Ինչպես երևում է, այդ կեղծիքները նախընտրական քարոզարշավում հիանալի հաղթաթուղթ են լինելու ընդդեմ գործող իշխանության, չնայած սկզբում օգտագործվեցին նրա կողմից:
Ինչ մնում է երկքաղաքացիությունը թաքցնելուն, ապա լո՞ւրջ՝ կհարցներ այլմոլորակայինը՝ եթե երկու շաբաթ առաջ հայտնված լիներ Հայաստանում: Ու ծանոթ լինելով օրենքներին՝ հետևած լիներ քարոզարշավին: Կմտածեր, որ Նարեկը, կարծես թե, խելացի երիտասարդ է, ու դժվար թե այնքան միամիտ լիներ, որ չպատկերացներ, որ թվային աշխարհում հաքերներից ոչինչ թաքցնել հնարավոր չէ: Էլ չասած հայաստանյան խիստ պրոֆեսիոնալ իրավապահների ու նիկոլական լրատվամիջոցների մասին: Որ ոստիկանությունը չէր կարողացել այդ հանգամանքը բացահայտել ժամանակին՝ երբ երկքաղաքացիության բացակայության վերաբերյալ փաստաթուղթ էր տրամադրում Նարեկ Կարապետյանին:
Հասանք տեղեկատվության աղբյուրի հարցին, և այն ճշտելու համար գանք վերջից: Ոստիկանության՝ առերևույթ հանցանքի վերաբերյալ հաղորդման հիման վրա Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ես հազվադեպ եմ բացում իրավապահ կառույցների էջերը, սակայն այս անգամ բացեցի՝ պարզելու հաղորդման առաջնային աղբյուրը: Սակայն այն բացակայում էր: Բայց նիկոլական «Medianews» լրատվականն, օրինակ, ներկայացրել էր տեղեկատվությունը, ինչն ավելի վաղ հայտնվել էր Սիմոնյան Ալենի էջում: Իսկ լրատվականից էլ վերատպում էր արել ԵՄ անդամ Լատվիայում գործող հակապուտինյան «The Insider» ռուսական կայքը: Այս շարքը թվարկելը, կարծեմ, բավարար է, որպեսզի մարդ սկսի կասկածել տեղեկատվության ճշմարտացի լինելու մեջ: Կասկածի նույնիսկ այն դեպքում, եթե չհնչեր դատի տալու վերաբերյալ Նարեկ Կարապետյանի հայտարարությունը:
ՀԳ. Հետաքրքիր է, ի՞նչ հիմքով էին մեղադրվելու գործող իշխանությանը դեմ գնացող՝ աչքի ընկնող հայրենասեր մարդիկ՝ եթե գոյություն չունենար խորհրդային ԿաԳեԲե-ն ու դրա ռուսական իրավահաջորդը: