
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է․ «Վերջին տարիներին էներգետիկ ըմպելիքների օգտագործումը մեծ տարածում է գտել երեխաների և դեռահասների շրջանում։ Դրանք հաճախ գովազդվում են որպես միջոց՝ էներգիան բարձրացնելու, ուշադրությունը կենտրոնացնելու և ֆիզիկական արդյունավետությունը մեծացնելու համար։ Սակայն բազմաթիվ հետազոտություններ փաստում են դրանց վտանգների մասին։
էներգետիկ ըմպելիքները գովազդվում են` որպես անվտանգ և նույնիսկ օգտակար, սակայն որոշ դեպքերում դրանց օգտագործումը կարող է հանգեցնել սրտանոթային համակարգի խնդիրների` ներառյալ առիթմիայի, սրտամկանի ինֆարկտի, կարդիոմիոպաթիայի, ընդհուպ մինչև սրտի կանգ: Դրանց օգտագործման հետևանքով կարող են առաջանալ`
– զարկերակային ճնշման բարձրացում,
– տագնապի զգացողություն, անհանգստություն,
– քնի խանգարում, անքնություն,
– ջրազրկում,
– ծայրահեղ դեպքերում՝ երիկամների սուր անբավարարություն,
– գլխացավեր,
– ձեռքերի դող,
– ստամոքսի ցավեր,
– ցնցումներ,
– ինսուլտ:
Բացի այդ, էներգետիկ ըմպելիքները հաճախ պարունակում են մեծ քանակությամբ շաքար, ինչը նպաստում է ավելորդ քաշին, ատամների փչանալուն և նյութափոխանակության խնդիրների զարգացմանը։
Օրենքով սահմանված կարգով.
Արգելվում է էներգետիկ ըմպելիքների վաճառքն ավտոմատ ինքնասպասարկող սարքերով և տեխնիկական այլ միջոցներով:
Վաճառքի ցուցադրված էներգետիկ ըմպելիքները պետք է ապահովված լինեն առանձնացված սպառողական դարակաշարով (հատվածով)՝ «էներգետիկ ըմպելիք» նշումով»: