Երկրի կարևորագույն կառույցում՝ Պետական վերահսկողական ծառայությունում կյանքը կարծես կանգ է առել։ Ավելի ճիշտ՝ կյանքի միակ նշանը ամեն ամիս աշխատակիցների քարտերին նստող աշխատավարձերն են։
Եթե Ռոմանոս Պետրոսյանի պաշտոնավարման դարաշրջանում ՊՎԾ կայքը պարբերաբար հրապարակում էր կատարված աշխատանքները, ապա այսօր կառույցի պաշտոնական էջում վերջին իրադարձությունը լուսաբանվել է 2025 թվականի հուլիսին։
Պատճառն ավելի քան պարզ է. 2025-ի հուլիսի 17-ին Ռոմանոս Պետրոսյանն ազատվեց պաշտոնից, և դրանից հետո կառույցը մատնվեց համակարգային անդամալուծության։ Սա զարմանալի չէ, քանզի 2018-ից պետությունը կառավարվում է բացառապես SMS-ներով, իսկ երբ համակարգից անհետանում է SMS ուղարկողը, ամբողջ գերատեսչությունը հայտնվում է կոմայի մեջ։
ՊՎԾ պաշտոնական հաստիքացուցակի արձանագրումները ներկայացնում են մի աղետալի պատկեր. կարևորագույն պաշտոնների գրեթե կեսը թափուր է։ Բազմաթիվ առանցքային վարչություններ և բաժիններ շուրջ մեկ տարի չունեն օրինական ղեկավարներ։ Փաստացի, պետության փողերը հսկող կառույցն ինքն է մատնվել ինքնահոսի։
Այսպես․ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ոլորտների վերահսկողության վարչության պետի հաստիքը թափուր է, ինչը ենթադրում է, որ միլիարդավոր դրամների ասֆալտապատման տենդերները, կապիտալ շինարարության և համայնքային ծախսերի գործընթացները մնացել են առանց պատշաճ վերահսկողության։ Ֆինանսաբյուջետային հսկողության և ֆինանսական վերահսկողության վարչության պետի հաստիքը ևս թափուր է։
Ստացվում է՝ պետական բյուջեի մսխումները կանխող գլխավոր վարչությունը մինչ օրս չունի ղեկավար։ Թափուր են Գործերի կառավարման և գնումների կազմակերպման, Ներքին անվտանգության և հսկողության, ինչպես նաև Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինների պետերի հաստիքները։ Հանրային կապերի պատասխանատուի բացակայությամբ էլ հենց պայմանավորված է կառույցի պաշտոնական կայքի տեղեկատվական անգործությունը, որը չի թարմացվել դեռևս 2025 թվականի հուլիսից։
Չնայած տնտեսական, սոցիալական և գնումների ոլորտների վերահսկողության վարչությունների պետերը շարունակում են պաշտոնավարել, հիմնական ղեկավարի բացակայությունը կասկածի տակ է դնում նաև նրանց գործունեության արդյունավետությունը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ կառույցի ղեկավարի պարտականությունները ժամանակավոր կատարում է Պետրոսյանի տեղակալ Ռոբերտ Բազիկյանը, իսկ Ռոմանոս Պետրոսյանը ժամանակավոր կառավարիչ է նշանակվել ՀԷՑ-ում։ Սրանով էլ բացատրվում է այն փաստը, որ ՊՎԾ պաշտոնական կայքի ակտիվ լրահոսն այսպես ասած «կանգ է առել» հենց 2025 թվականի հուլիս ամսից։
Պաշտոնական կայքի անգործությունը վկայում է այն մասին, որ կառույցի հանրային կապերն ու հաշվետվողականությունը երկրորդ պլան են մղվել, ինչը բնորոշ է ճգնաժամային փուլում գտնվող գերատեսչություններին:
Հասմիկ Մովսիսյան

