Իրանը հայտարարել է, որ ուսումնասիրում է պատերազմի դադարեցման վերաբերյալ Վաշինգտոնի վերջին դիրքորոշումը այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ակնարկեց, որ պատրաստ է մի քանի օր սպասել Թեհրանից «ճիշտ պատասխաններ ստանալու» համար։ «Մենք ստացել ենք ԱՄՆ-ի տեսակետները և ուսումնասիրում ենք դրանք»,- իրանական պետական «Nour News» գործակալությունը մեջբերել է ԱԳՆ մամուլի քարտուղար Էսմայիլ Բաղայիի խոսքերը։
Նա հավելել է, որ Պակիստանը, որն անցյալ ամիս հյուրընկալել էր խաղաղության բանակցությունները և հանդես է գալիս որպես երկու կողմերի միջև հաղորդագրությունների փոխանցման խողովակ, շարունակում է միջնորդությունը Թեհրանի և Վաշինգտոնի միջև, և արդեն իսկ տեղի են ունեցել հաղորդակցության մի քանի փուլեր: Չորեքշաբթի օրը Թեհրանում էր գտնվում Պակիստանի ներքին գործերի նախարարը։
Փխրուն հրադադարի ուժի մեջ մտնելուց վեց շաբաթ անց պատերազմի դադարեցման շուրջ բանակցությունները քիչ առաջընթաց են գրանցել, մինչդեռ նավթի կտրուկ թանկացումները մտահոգություն են առաջացրել գնաճի և գլոբալ տնտեսության վրա դրա ունեցած ազդեցության վերաբերյալ: Թրամփը նաև ներքին ճնշման է ենթարկվում նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրություններից առաջ. վառելիքի գների աճի ֆոնին նրա վարկանիշը նվազել է՝ հասնելով Սպիտակ տուն վերադառնալուց ի վեր ամենացածր մակարդակին։
«Հավատացեք ինձ, եթե մենք ճիշտ պատասխաններ չստանանք, ամեն ինչ շատ արագ տեղի կունենա: Մենք լիովին պատրաստ ենք»,- ասել է Թրամփը: Հարցին, թե որքան է սպասելու, Թրամփը պատասխանել է. «Դա կարող է տևել մի քանի օր, բայց կարող է նաև շատ արագ լինել»։