
The Insider պարբերականի հրապարակումը, որտեղ պնդվում էր, թե Հայաստան են ուղարկվել ԱՀԾ, ԳՀՎ և ԱԴԾ աշխատակիցներ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հակազդելու համար, սուտ է։ Այս մասին թելեգրամյան իր ալիքում հայտնել է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
««Հետաքննության» մեջ ներկայացված փաստարկները ոչ այլ ինչ են, քան բացահայտ ստեր և կազմակերպված սադրանք, նպատակ ունենալով հոգեբանական ճնշում գործադրել ռուս դիվանագետների վրա և վախեցնել հայ հասարակությանը ընտրություններից առաջ», – ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ նյութում ներկայացված տեղեկատվությունը չի հիմնավորվում համոզիչ ապացույցներով և պարունակում է փաստական սխալներ։ «Մեղադրանքները հաստատող որևէ համոզիչ փաստ The Insider-ն ի վիճակի չէ ներկայացնել», – նշել են ԱԳՆ-ում:
Նախարարությունը նաև հերքել է ռուսական կառույցների դեմ ուղղված մեղադրանքները՝ Հայաստանի ներքին գործերին միջամտելու վերաբերյալ: Գերատեսչությունը հայտարարել է, որ Ռուսաստանի դիվանագիտական աշխատանքը հանրապետությունում իրականացվում է 1961 թվականի Վիեննայի դիվանագիտական հարաբերությունների մասին կոնվենցիային համապատասխան։
Նախարարությունը հրապարակումը դիտարկել է որպես Ռուսաստանին և նրա կապերը Հայաստանի հետ վարկաբեկելու արշավի մի մաս: «Մենք «ռուս գործակալների» մասին այս վերջին «սենսացիան» դիտարկում ենք որպես Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու արշավի ևս մեկ դրվագ», – հայտարարել է նախարարությունը: