Եվրոպայում խաղաղությունն այլևս երաշխավորված չէ, այն անհրաժեշտ է ակտիվորեն «պաշտպանել, պահպանել և սատարել»։ Նման նախազգուշացմամբ հանդես է եկել Չեխիայի նախագահ Պետր Պավելը, որի խոսքերը մեջբերում է The Guardian-ը։
Պավելն ընդգծել է, որ «Եվրոպայում խաղաղությունն այլևս չի կարելի համարել իրադրության ինքնստինքյան ենթադրվող վիճակ»։
«Այն անհրաժեշտ է կրկին ակտիվորեն պաշտպանել, պահպանել և սատարել։ Այս պահի դասն այն չէ, որ Եվրոպան միայնակ է, այլ այն, որ Եվրոպան պետք է լինի բավականաչափ ուժեղ, որպեսզի անհրաժեշտության դեպքում դիմակայի դժվարություններին», — ասել է Պավելը։
Չեխիայի նախագահի խոսքով՝ անհրաժեշտ է գործադրել բոլոր լծակները լավագույն դիրքում հայտնվելու համար, քանի որ «պատմությունը պարզապես չի սպասի Եվրոպայի պատրաստ լինելուն»։
Լեհաստանի կառավարության ղեկավար Դոնալդ Տուսկը նախազգուշացրել է, որ Եվրոպայում պատերազմի վտանգը դառնում է շոշափելի։ Որպես հիմնավորում նա մատնանշել է Մերձբալթյան տարածաշրջանում, մասնավորապես՝ Լիտվայում, անօդաչուների մասնակցությամբ հաճախակիացած միջադեպերը։ Տուսկի խոսքով՝ վերջին տասը օրվա ազդանշանները փաստում են, որ քաոսը կարող է տարածվել հարևան պետությունների վրա, և Մերձբալթյան երկրները կարող են թիրախ դառնալ՝ անկախ իրենց գործողություններից։