Գինին այն վայրի արտացոլումն է, որտեղ աճել է խաղողը


Գինին առաջին հերթին այն վայրի արտացոլումն է, որտեղ աճել է խաղողը, և այստեղ վճռորոշ դեր ունի կլիման։ Հենց կլիման է որոշում, թե որ երկրներն են դառնում գինեգործական, որ խաղողի տեսակներն են աճում տվյալ տարածաշրջանում և ինչպիսին կլինի գինու տեսակը՝ թեթև ու թթվաշ, թե խիտ և թունդ։ Չնայած աշխարհի գինեգործական տարածաշրջանների բազմազանությանը, դրանք ունեն մեկ կարևոր հատկություն․ գրեթե բոլորը գտնվում են հյուսիսային և հարավային կիսագնդերի 30-րդ և 50-րդ զուգահեռականների միջև։ Այս լայնություններից դուրս խաղողի վազի համար կամ չափազանց ցուրտ է, կամ չափազանց շոգ՝ կայուն և որակյալ հասունացման համար։

Կլիմայական կարևոր պարամետրերից մեկը խաղողի հասունացման շրջանում միջին ջերմաստիճանն է։ Սառը շրջաններում այն չի գերազանցում 16,5 °C-ը և այստեղ ձևավորվում են բարձր թթվայնությամբ, չափավոր ալկոհոլով և նուրբ արոմատային պրոֆիլով գինիներ։ Նման պայմաններ բնորոշ են Գերմանիային, Կանադային, Ֆրանսիայի հյուսիսային շրջաններին և Նոր Զելանդիայի հարավին։ Բարեխառն կլիման ապահովում է մի փոքր ավելի շատ ջերմություն և հավասարակշռություն՝ հնարավորություն տալով ստանալ ավելի փափուկ և ներդաշնակ գինիներ․ օրինակ կարող են ծառայել Օրեգոնը կամ Նոր Զելանդիայի Հյուսիսային կղզին։ Տաք կլիման, ինչպես Տոսկանայում, Նապայում կամ Բարոսսայում, նպաստում է խաղողի լիարժեք հասունացմանը, ալկոհոլի ավելի բարձր պարունակությանը և հագեցած համին։

Շոգ տարածաշրջաններում, ինչպիսիք են Սիցիլիան կամ Խերեսը, խաղողը արագորեն կուտակում է շաքար, և գինեգործը ստիպված է լինում հատկապես ուշադիր հետևել թարմության հավասարակշռությանը։ Ջերմաստիճանից բացի, գինեգործական տարածաշրջանները տարբերվում են նաև կլիմայի տեսակով։ Մայրցամաքային կլիման բնութագրվում է ձմռան և ամռան միջև կտրուկ ջերմաստիճանային տատանումներով և կարճ, բայց շոգ վեգետացիոն շրջանով։ Ծովային կլիման ավելի մեղմ և կայուն է՝ տարվա ընթացքում համաչափ տեղումներով և չափավոր ջերմաստիճաններով։ Միջերկրածովյան կլիման համակցում է մեղմ ձմեռը և շոգ, չոր ամառը՝ ստեղծելով իդեալական պայմաններ բազմաթիվ դասական խաղողի տեսակների համար։ Խաղողի տեսակի ընտրությունը միշտ կապված է կլիմայի հետ։

Սառը պայմաններում իրեն լավ է զգում Պինո Նուարը, սակայն այն տուժում է չափազանց շոգից։ Գրենաշը, հակառակը, կարիք ունի ջերմության և ընդունակ չէ լիարժեք բացվել սառը տարածաշրջաններում։ Այդ պատճառով կլիման թելադրում է ոչ միայն գինու ոճը, այլև տվյալ տարածաշրջանի խաղողի տեսակային քարտեզը։ Միևնույն ժամանակ, կլիման երբեք աբստրակտ չէ․ կոնկրետ խաղողի այգու մակարդակում նրա վրա ազդումէ միկրոկլիման։ Ծովի մակարդակից բարձրությունը տալիս է սառեցնող ազդեցություն, գետերի, ծովերի և լճերի մոտ լինելը մեղմացնում է ջերմաստիճանային տատանումները, իսկ քամիները կարող են պաշտպանել վազը հիվանդություններից կամ, հակառակը, ձևավորել գինիների յուրահատուկ ոճեր, ինչպես դա տեղի է ունենում Խերեսում։

Ոչ պակաս կարևոր է նաև հողը։ Պարադոքսալ է, բայց չափազանց բերրի հողերը հազվադեպ են հարմար խաղողի համար։ Վազը լավագույնս աճում է աղքատ, լավ ջրահեռացվող հողերում, որոնք կարողանում են պահել խոնավությունը և աստիճանաբար փոխանցել այն արմատներին։ Այդ պատճառով գինու աշխարհում հաճախ ասում են, որ «վազը պետք է տառապի»․ չափավոր սթրեսը օգնում է կենտրոնացնել համն ու բույրը հատապտուղներում։ Կլիման գինեգործության հիմքն է։ Այն սահմանում է այն շրջանակները, որոնց ներսում աշխատում է գինեգործը, և հենց այդ սահմանափակումների շնորհիվ գինու աշխարհը մնում է այդքան բազմազան և արտահայտիչ։

radar.am


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *