Երեխաները՝ կենսաբազմազանության պահպանության և բարեկեցիկ ապագայի հիմքում

Երեխաների առանձնահատուկ դերն այս համատեքստում

Երեխաները կարող են դառնալ այդ համակարգի պահպանման ամենաազդեցիկ ուժերից մեկը։ Թեև կենսաբազմազանության կորուստը նույն կերպ ազդում է բոլոր տարիքային խմբերի վրա, բնապահպանական կրթության տեսանկյունից երեխաների հետ աշխատանքն առավել արդյունավետ է, քան մեծահասակների հետ։ «Երեխաների դեպքում ամեն ինչ շատ ավելի հեշտ է իրականացնել, որովհետև նրանք ավելի բաց են, ավելի մոտիվացված, պատրաստ վարքագծային փոփոխությունների», – ասաց փորձագետը։ 

Նրա համոզմամբ՝ խնդիրը ոչ թե առանձին սեմինարների կամ կարճաժամկետ ծրագրերի պակասն է, այլ համակարգային աշխատանքի բացակայությունը։ Եթե հասարակությունը ցանկանում է ունենալ ավելի պատասխանատու սերունդ, բնապահպանական կրթությունը պետք է դառնա ամենօրյա, երկարաժամկետ գործընթաց, որը կձևավորի բնության հանդեպ պատասխանատու վերաբերմունք վաղ տարիքից։ Սակայն կրթությունը չի կարող սահմանափակվել դասասենյակում։ Արսեն Գասպարյանի խոսքով՝ բնության մասին հնարավոր չէ լիարժեք պատկերացում ձևավորել միայն տեսական գիտելիքի միջոցով։ «Եթե բնության մասին ենք խոսում, երեխաներին լսարանում չես կարող բնությունը սովորեցնել։ Մինչև չտանես բնություն, մինչև ցույց չտաս իրական միջավայրում, այդ կապը չի ստեղծվում», – ընդգծեց նա։

Բնության հետ շփումը նաև կարևոր ազդեցություն ունի երեխաների ֆիզիկական և մտավոր զարգացման վրա։ Կանաչ գոտիները, անտառները, բաց տարածքները նպաստում են ոչ միայն առողջ կենսակերպին, այլև հոգեբանական բարեկեցությանը։ «Նույնիսկ առավոտյան թռչունների ձայնը, բնական միջավայրի առկայությունը կամ բնության մեջ անցկացրած ժամանակը ձևավորում են դրական զգացողություններ և ամրապնդում կապը շրջակա աշխարհի հետ։ Այսօր, երբ տեղեկատվության հասանելիությունը շատ ավելի մեծ է, հատկապես նոր սերնդի համար, կարևոր է այդ հնարավորությունները վերածել գործնական ներգրավվածության»,- նշեց Արսեն Գասպարյանը։ 

Ընտանիքները, դպրոցները և համայնքները կարող են խրախուսել երեխաների ներգրավվածությունը բնապահպանական նախաձեռնություններում, արշավներին և լեռնագնացություններին մասնակցության մեջ, բացօթյա կրթական ծրագրերում և պատասխանատու սպառման մշակույթում։ 

«Յուրաքանչյուր մարդ սպառող է, և հենց այդ սպառման կենսակերպի վերանայումից կարող է սկսվել դրական փոփոխությունը։ Սպառման կենսակերպի վերանայումը, ռեսուրսների խնայող օգտագործումը, բազմակի օգտագործման լուծումների ընտրությունը և բնության հետ հաճախակի շփումը կարող են ձևավորել ավելի պատասխանատու հասարակություն»,- ասաց նա։

Արսեն Գասպարյանի խոսքով՝ եթե ուզում ենք, որ մարդ-բնություն հարաբերությունը լինի պատասխանատու, գիտակից և հոգատար, ապա այդ ամենը սկսվում է մանկությունից՝ բնությունը ճանաչելու, վայելելու և արժևորելու ճանապարհով։ 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *