Ադրբեջանը ժամանակից շուտ է տոնում Նիկոլ Փաշինյանի, այսպես կոչված, խաղաղասիրական հռետորաբանությունը: Խաղաղության և Մոսկվայից հեռանալու մասին նրա հայտարարություններին դեռևս չի հաջորդել որևէ հիմնարար քայլ, որը ցույց կտա Երևանի կողմից նախկին քաղաքականությունից իրապես հրաժարվելը․ Minval Politika-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիգ Զուլֆուգարովը:
Նա հստակեցրել է, որ Փաշինյանի ներկայիս գիծը մեծ մասամբ մարտավարական է, և ադրբեջանական մեդիահամայնքի որոշ անդամներ չափազանց շտապում են Հայաստանի վարչապետի հայտարարություններն ընկալել որպես խաղաղության վերջնական շրջադարձի ապացույց։
Ադրբեջանցի դիվանագետը կարծում է, որ Փաշինյանի հայտարարությունները պետք է գնահատվեն ոչ թե խոսքերով, այլ կոնկրետ գործողություններով՝ հիմնականում Սահմանադրության փոփոխության, տարածքային պահանջներից հրաժարվելու և նախկին խորհրդային հանրապետությունների վարչական սահմանները ճանաչելու հետ կապված պարտավորությունների կատարման հարցերում։
Նա հիշեցրել է, որ Ալմա-Աթայի հռչակագրի մեկնաբանությունը ենթադրում է նախկին խորհրդային հանրապետությունների վարչական սահմանների ճանաչում որպես պետական սահմաններ։
«Պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունները պետք է կառուցվեն հենց այս հիմքի վրա», – նշել է նա:
Զուլֆուգարովի խոսքով՝ առանց Սահմանադրությունը փոփոխելու և համապատասխան հանրաքվե անցկացնելու, վաղ է խոսել լիարժեք խաղաղ կարգավորման մասին։
«Մեզ համար ամենակարևորն այն է, թե ինչ կկատարվի հանրաքվեի ժամանակ, եթե այն ընդհանրապես տեղի ունենա», – հավելել է նա։
Մեկնաբանելով Փաշինյանի խաղաղասիրական հռետորաբանությունը՝ դիվանագետը նաև կասկած է հայտնել Երևանի և Մոսկվայի միջև հարաբերությունների ցուցադրական սառեցման վերաբերյալ։ Նա նշել է Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրի շարունակական աճը, ռուսական ռազմական ենթակառուցվածքների պահպանումը և ռուսական ներկայությունը կրճատելու իրական քայլերի բացակայությունը։
«Ոչ մի ռազմաբազա չի հեռացել։ Նրանք փոխարինեցին օդանավակայանում երկու սահմանապահի, և վե՛րջ։ Ոչինչ տեղի չի ունեցել», – նշել է նա։
Նրա կարծիքով՝ Հայաստանի իշխանությունների և ռուս քարոզիչների միջև հրապարակային «մարտերը» կարող են մեծ մասամբ ցուցադրական լինել: Ավելին, Զուլֆուգարովը խոստովանել է, որ Ադրբեջանի համար, կանխատեսելիության առումով, «բացահայտ Քոչարյանն» ավելի նախընտրելի կլինի, քան «խորամանկ Փաշինյանը»:
«Ի՞նչ օգուտ ենք ստանում, եթե Հայաստանը ռուսական ֆորպոստից վերածվի ֆրանսիականի», – հարցրել է դիվանագետը:
Խոսելով տրանսպորտային նախագծերի և «Թրամփի երթուղու» իրականացման հեռանկարների մասին՝ Զուլֆուգարովը նշել է, որ Հայաստանն այժմ խուսափում է կոնկրետությունից և տարանցիկ պայմանների քննարկման փոխարեն առաջարկում է կենտրոնանալ բացառապես սահմանազատման հարցերի վրա: