Անգլերեն դասավանդող 20 դպրոցների մանկավարժներ հավաստագրվել են որպես ուսուցիչ վերապատրաստող մասնագետներ


Գիտություն


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղն իրականացրել է ուսուցիչ վերապատրաստողների հավաստագրման առցանց ծրագիրը: Ծրագրի նպատակն է ՀՀ դպրոցների ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացման համակարգի բարեփոխումը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Ծրագրի մասնակից ուսուցիչների հավաստագրերի հանձնման արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Ադդէ Հովասափյանը:

Ծրագրի շրջանակում ՀՀ հանրակրթական 20 դպրոցների անգլերեն դասավանդող ուսուցիչներ վերապատրաստվել և որակավորվել են որպես ուսուցիչների վերապատրաստող մասնագետներ:

Ողջունելով ներկաներին և շնորհավորելով ծրագրի ավարտի առիթով՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն առանձնակի անդրադարձել է ծրագրի կարևորությանը. «Մենք ունենք բազմաթիվ վերապատրաստողներ, որոնք ճանապարհ են անցել, փորձառություն ունեն և այսօր ոլորտում կարևոր դեր ունեն՝ որպես փորձագետներ, սակայն դեռևս չունենք վերապատրաստող մասնագետների պատրաստման ինստիտուտ: Եվ մեր գործընկերների հետ իրականացված այս ծրագրի շրջանակում դուք առաջինն եք, որ անցել եք այդ ճանապարհով և միջազգային չափանիշներով հավաստագրվել եք որպես ուսուցիչ վերապատրաստող մասնագետներ: Ուրախալի է, որ որևէ մեկը ծրագրից դուրս չի մնացել. դա վկայում է ձեր քաջության, աշխատասիրության, իմացության, նախաձեռնողականության ու հետևողականության մասին, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում: Մեր դպրոցներին իրապես պետք են ուսուցիչներ, որոնք նպաստում են համակարգի ընդհանուր աշխատանքի՝ ավելի բարձր որակով իրականացմանը»։

Նրա համոզմամբ՝ մանկավարժական ռեսուրսը պետք է օգտագործել նախարարության բազմաբնույթ այն ծրագրերում, որոնցում փորձագիտական ներուժի կարիք կա: Արաքսիա Սվաջյանը կարևոր է համարել նաև այն հանգամանքը, որ այս ծրագրին մասնակցելով՝ ուսուցիչները համարվում են որպես միջազգային վերապատրաստող, ինչը բարձր ցուցանիշ է պետության համար և հնարավորություն ուսուցիչներին՝ ընդգրկվելու միջազգային վերապատրաստման ծրագրերում:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել նաև Բրիտանական խորհրդի գործընկերներին համատեղ աշխատանքի, խնդիրներին միասնաբար արձագանքելու և բարձր արդյունքի համար:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *