Եթե հաստագլուխ չես… – Հրապարակ

Էս ինչեր եմ լսում… Ասում են՝ Նիկոլն իր անձնական դատախազներին ու դատավորներին հրահանգել է մի ձև գտնել և Սամվել Կարապետյանին ազատել տնային կալանքից: Անձամբ որևէ կերպ չեմ ստուգել այս տեղեկությունը, իսկ որ ճիշտն ասեմ՝ հավես էլ չունեմ ստուգելու: Ես դեմ չեմ, որ Նիկոլը մի այդպիսի «բարի» գործ կատարի: Մարդ ես, մեկ էլ տեսար՝ Սամվել Կարապետյանի ջրերն ընկած ազատության մեջ հայտնվեն նաև մյուս քաղբանտարկյալները, իսկ դա այս պահի իմ ամենամեծ ցանկությունն է: Այնպես որ, Նիկոլ, քեզ տեսնեմ:

Ինձ ուղղակի մի հարց է հետաքրքրում՝ ինչո՞ւ հանկարծ Նիկոլի մեջ այդպիսի «ցանկություն» առաջացավ: Ինչ-որ պատճառներ պիտի լինեն, չէ՞: Թերթերն, օրինակ, գրում են, որ ՔՊ-ում լուրջ անհանգստություններ կան Փաշինյանի վերջին օրերի պահվածքի կապակցությամբ, Նիկոլն էլ, իբր, անհանգստացողներին հանգստացրել է, թե` վեր ընկեք տեղներդ, սա իմ կռիվն է, ես գիտեմ ինչ եմ անում: ՔՊ-ում, սակայն, դրանից ավելի են անհանգստացել ու իրենց մեջ վերջնականապես որոշել, որ Նիկոլը իրավիճակին չի տիրապետում: «Բա որ հանկարծ պարտվենք ընտրություններում, մեր վիճակն ի՞նչ կլինի… Ժողովուրդը մեզ կուտի, պատերով կտա, ասֆալտին կփռի…»: ՔՊ-ի այս անհանգստությո՞ւնն է պատճառը, որ Նիկոլը «փափկել» է և «ուզում է» Սամվել Կարապետյանին ազատել տնային կալանքից: Իմ կարծիքով՝ ՔՊ-ի այս նախազգուշական քայլը Նիկոլի վրա որոշակի ազդեցություն ունեցել է, բայց ոչ թե այն պատճառով, որ Նիկոլը «պրիզնատ» է գալիս իր թիմին, այլ այն, որ Նիկոլն ավելի տեղեկացված է իր հետագա ճակատագրին, որին անպայման կարժանանա, եթե հունիսի 7-ին պարտվի վատ նոտայի վրա:

Ի՞նչ է նշանակում պարտվել վատ նոտայի վրա: Մի բան է՝ պարտվել «բարի» գործեր անելով, մեկ այլ բան՝ հաստ գլուխը պատերին տալով… Մի բան է՝ պարտվել հզոր դաշնակցի հետ լեզու գտնելով, մեկ այլ բան՝ մինչև վերջ թշնամու առաջ սողալով: Կարողացա՞ բացատրել: Ո՞չ… Ես չեմ հասկանում, թե ինչ կա չհասկանալու: Տեսեք՝ Նիկոլը, ճիշտ է, ՔՊ-ին ու հայ ժողովրդին «ատչոտ» չունի տալու, բայց մի՞թե Նիկոլն այնքան հաստագլուխ է, որ բանի տեղ չդնի ՌԴ անվտանգության խորհրդի հատուկ աշխատանքային խմբի նիստը, որտեղ քննարկվել է իր հարցը: Արա, Ռուսաստանը բանուգործը թողել՝ Նիկոլ է քննարկում… Հասկանո՞ւմ եք՝ դա ինչ է նշանակում: Ընդ որում՝ Նիկոլին քննարկում են վերջինիս համար ոչ այնքան հաճելի լույսի ներքո: Այսինքն, մեդալ չեն տալու և, հնարավոր է, ուրիշ բան անեն, եթե…

Գտեք, կարդացեք ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի անդրադարձը Հայաստանում տիրող քաղաքական դրությանն ու հայ քաղաքական գործիչների նկատմամբ կիրառվող խտրականությանը: Նա բերել է Նարեկ Կարապետյանի՝ Սամվել Կարապետյանի եղբորորդու օրինակը և հերքել Նիկոլի իրավապահների հերթական օյինբազությունը Նարեկ Կարապետյանի՝ ՌԴ քաղաքացի լինելու մասին: Հետաքրքիր է նաև, որ Գալուզինն իր խոսքում հստակ տարանջատել է Նիկոլին (ՀՀ իշխանություններին) հայ ժողովրդից: Նա ընդգծել է, որ Հայաստանը չի կարող միաժամանակ պարել երկու հարսանիքում (նկատի ունի Նիկոլի՝ ԵՄ-ն ԵԱՏՄ-ի մեջ տեղավորելու փորձերը) և միևնույն ժամանակ հիշեցրել. «Ռուսաստանի վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ մնում է անփոփոխ՝ հայ ժողովուրդը եղբայրական ժողովուրդ է»:

Գալուզինի ծանր խոսքերը դեռ չէինք մարսել, որ Մոսկվայից հերթական լուրը հասավ: Դաշնային խորհուրդը հաստատել է օրենք, որը զգալիորեն ընդլայնում է Ռուսաստանի նախագահի լիազորությունները՝ զինված ուժերը արտասահմանում օգտագործելու համար: Այդ փաստաթղթի համաձայն՝ Վլադիմիր Պուտինը կկարողանա օգտագործել բանակը՝ «Ռուսաստանի քաղաքացիներին պաշտպանելու» համար, եթե նրանք ձերբակալվեն, կալանավորվեն կամ հետապնդվեն արտասահմանում։ The Moscow Times-ը նշում է, որ ՌԴ նախագահի լիազորությունների այս ընդլայնումը տեղի է ունենում Ռուսաստանի՝ Արևմտյան հետախուզական գործակալությունների և ՆԱՏՕ-ի հետ հակամարտության էսկալացիայի ֆոնին։ Եվ ուրեմն, Հայաստանում քանի՞ հաստագլուխ կա այսօր, որ չգիտի ՌԴ ԶՈւ 102-րդ բազայի տեղը կամ տեղյակ չէ, թե ինչպես են գործում նորմալ պետության համապատասխան ուժերը, երբ հրաման են ստանում իրենց գերագույն գլխավոր հրամանատարից: Հիմա հասկացա՞նք, թե առաջիկա օրերին ինչեր կարող են տեղի ունենալ Հայաստանում, եթե Փաշինյանը ազատ չարձակի Սամվել Կարապետյանին և չդադարեցնի նրա եղբորորդու հետապնդումը:

Դե իսկ հիմա՝ ՔՊ-ի անհանգստության մասին: Այդ կուսակցությունը միայն Նիկոլից, Ալենից, Պապիկյան Սուրենից ու Ռուբեն Ռուբինյանից չի կազմված, որ նստի առաջին պատահած ինքնաթիռն ու թռնի: Այնտեղ Արսեն Թորոսյան կա, Հայկ Կոնջորյան, Վահագն Ալեքսանյան, Արայիկ Հարությունյան, Արարատ Միրզոյան (կանանց չեմ հիշատակում) և բազում այլ խայտառակություններ, որոնք պարտությունից հետո ստիպված են լինելու ժողովրդից համաներում խնդրել ոչ միայն իրենց, այլև Նիկոլի գլխավորությամբ արանքը ճղածների փոխարեն: Եվ ՔՊ-ում, այո, մտահոգ են:

Հ.Գ. Ինձ տեղեկություններ են հասել նաև այն մասին, որ Նիկոլի այլասերված քարոզարշավից ամենաշատը տրտնջում է ՔՊ շտաբի պետ Արայիկ Հարությունյանը: Սա իր մերձավոր շրջապատում հայտարարել է, որ ոչ մի պարագայում չի մասնակցելու Նիկոլի և Դդմաշեն գյուղի էլեկտորատի հանդիպմանը: Ի՞նչ է, հավատալու չէ՞… Ձեր գործն է՝ կարող եք համարել զավեշտ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *