«Հայոց գալիք Հաղթանակն այլընտրանք չունի». Բագրատ Սրբազան (լուսանկար)

«Հայոց գալիք Հաղթանակն այլընտրանք չունի». Բագրատ Սրբազան

«Սրբազան պայքար»-ի առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Սրբազանը կալանավայրից հանդես է եկել ուղերձով. «Սիրելինե՛ր,
     Լրացավ կյանքիս 55-րդ տարին… կալանավայրում…
     Աստվածն ասում է. «Քո աշխարհ գալուց բոլորը ծիծաղում էին, իսկ դու` լացում: Բայց աշխարհից քո մեկնելիս բոլորը լացում էին, իսկ դու` ծիծաղում»:
     Շնորհակալ եմ Քեզ, իմ Հաղթանակած Տեր, գոհություն Քեզ, իմ Բացառիկ և Միակ Առաջնորդ, իմ Կյանք և Ճանապարհ, իմ Հերոս և Աստված: Դու ես տնօրինել իմ կյանքի բոլոր օրերն ու ժամերը և Դու ես իմացել և գիտես, թե ինչ էր և ինչ է ինձ հարկավոր առավել, քան ես կարող էի խնդրել կամ իմանալ:
     Կյանքս հայացքիդ և Աչքիդ առջև է:
     Խոնարհվում եմ փառքիդ առջև և սիրով ընդունում այն ամենը, ինչ տվել ես և դեռ տալու ես:
     Եվ վերստին հաստատում եմ` հռչակելով. «Քավ լիցի ինձ այլ բանով պարծենալ, քան մեր Տեր Հիսուս Քրիստոսի Խաչն է»:
     Այս օրը, տարիների ավանդությամբ, ծառայությանս բոլոր վայրերում եղել է ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ հայցելու օր ու առիթ բոլոր նրանցից, ում հանդեպ մեղք ու սխալ եմ գործել, ում հետ անմիջական ծառայության մեջ եմ եղել և ովքեր մասնակից են եղել իմ առաքելությանը` փոքր կամ մեծ չափով:
     Այսօր ևս ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ եմ հայցում բոլոր նրանցից, ում կամա թե ակամա ցավ ու տրտմություն եմ պատճառել, ի մասնավորի «Սրբազան Պայքարի» 17 արդարներին և իրենց ընտանիքներին` պատճառած բոլոր դառնությունների և տառապանքի համար:
     Հատկապես ցանկանում եմ երիցս ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ խնդրել բոլոր այն Հայրենատեր, ինձ հարազատ դարձած մարդկանցից, ովքեր այս ընթացքում ենթարկվել են տարատեսակ զրկանքների և հալածանքների և որոնց ինչ-որ առումով հուսախաբ եմ արել, որ դեռևս չենք վանել չարիքը մեր սիրելի Երկրից և միասին չենք ազատագրել մեր համբուրելի և Աստվածապարգև Հայաստան աշխարհը:
     Կյանքիս ամենամեծ պարգևը կլինի ոչ միայն մեր Մեծ Տան ազատագրումը չարիքից, այլև, և հատկապես, մեր Ավետյաց Երկրի Տեսիլքի կյանքի կոչումը, իրականացումն ու կառուցումը, թեկուզ և դա արժենա, որ ես լինեմ կալանավայրում կամ գերեզմանում:
     Ինչպես մշտապես շեշտել եմ, մի հարցրեք` հնարավո՞ր է, թե՞ ոչ, այլ հարցրեք` անհրաժե՞շտ է, թե՞ ոչ: Ինչպիսին լինի մեր հարցադրումը, այդպիսին էլ կլինի մեր ընթացքն ու խնդրի հանգուցալուծումը:
     Թող մեր Հաղթանակած Տերը օրհնի ձեզ բոլորիդ, օրհնի մեր Հայաստան վիրավոր աշխարհը` իր որբացած Արցախ սրտով և մեր ողջ ժողովրդին` խոցված, բայց ոչ ծնկած, զարկված, բայց ոչ մեռած` ընթանալու արդարության, ճշմարտության, հաշտության և Հաղթանակի ճանապարհով:
     Մի՛ վախեցեք ոչնչից,
     Այլ միայն հավատացեք…
     Հոգևոր Հայաստանը կհաղթի «իրական, նոր չհայաստանին», քանզի Հայոց գալիք Հաղթանակն այլընտրանք չունի…
     Սիրով և աղոթքով`
     Բագրատ արք. Գալստանյան
     20.05.2026

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *