Ռազմական տեխնիկա ունենային՝ թշնամու դեմ կկռվեին․ հարցում

Մայիսի 28-ին Երևանի Հանրապետության հրապարակում ռազմական շքերթ կանցկացվի, որի ժամանակ կցուցադրվի վերջին տարիներին ձեռք բերված զինտեխնիկան։ Նիկոլ Փաշինյանը, ով իր պաշտոնավարման ընթացքում առաջին անգամ է շքերթ անցկացնում, հայտարարել է, որ անգամ զորահանդեսից հետո տեխնիկան որոշ ժամանակ չի հեռացվի հրապարակից։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և քաղաքացիներին հետևյալ հարցը տվել․ «Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել զորահանդեսից հետո ռազմական տեխնիկան թողնել հրապարակում»։

Քաղաքացիների կարծիքները տարբեր էին՝ հեգնականից մինչև մտահոգիչ։

«Եթե ըստ ձեր հարցի պատասխանեմ՝ ուրեմն երևի ընդդիմության վրա կրակելու համար է որոշել թողնել տեխնիկան․ 19 կուսակցությունից 18-ին կգնդակահարի, մենակ ինքը կմնա»,- ասաց մի քաղաքացի՝ ընդգծելով, որ սա հեգնական պատասխան է։

Մեկ այլ քաղաքացի կարծիք հայտնեց, որ տեխնիկան հրապարակում թողնելու որոշումը կարող է կապված լինել Նիկոլ Փաշինյանի վախերի և ներքաղաքական իրավիճակի հետ։ «Իմ կարծիքով՝ վախենում է, դրա համար է ուզում թողնել մինչև ընտրությունները»,- նշեց նա՝ զուգահեռներ անցկացնելով նախկին տարիների հետ։

Կային նաև քաղաքացիներ, որոնք որոշումը բնական էին համարում և քաղաքական ենթատեքստ չէին տեսնում։

«Թող մնա, ո՞ւմ է խանգարում։ Մարդիկ կգան, կտեսնեն՝ ինչի վրա է գումար ծախսվել»,- ասաց մեկ այլ քաղաքացի։

Որոշ քաղաքացիներ էլ ընդգծեցին, որ հանրության մի մասի մոտ իշխանությունների նկատմամբ անվստահությունը հանգեցնում է տարբեր ենթադրությունների։

«Այսօր մի բան է ասում, վաղը՝ ուրիշ, դրա համար մարդիկ տարբեր բաներ են մտածում»,- նշեց քաղաքացիներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում․


Մերի Հակոբյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *