Մի քիչ սթափություն, մի քիչ մտածելու ունակություն, մի քիչ բարոյականություն է հարկավոր ունենալ…

Պարտադիր չէ, որ հենց ձեզ կամ ձեր մերձավորին հարցնեն` «ինչու՞ չզոհվեցիր պատերազմում, ինչու՞ կենդանի մնացիր», որ վրդովվեք այդ աննախադեպ ցինիզմից:

Պարտադիր չէ, որ արցախցի լինեք, որ արցախցիներին «փախած» անվանի…կամ` անձամբ ձեզ ասի «կզցնելու եմ», «սատկացնելու եմ», որ հասկանաք` երկրի ղեկին ոչ ադեկվատ, հոգեպես անհավասարակշիռ մարդ է նստած:

Պարտադիր չէ ընդդիմադիր լինեք, որ որևէ ընդդիմադիրի նկատմամբ քաղաքական հետապնդումն ապօրինի ու անթույլատրելի համարեք:

Պարտադիր չէ, որ հոգևորական կամ հավատացյալ լինեք, որ եկեղեցու նկատմամբ արշավը, կաթողիկոսին փոխելու փորձերը սրբապղծություն համարեք: Եվ պարտադիր չէ անձամբ ճանաչեք Բագրատ ու Միքայել սրբազաններին, որ դատապարտեք նրանց նկատմամբ հարուցված շինծու քրեական գործերն ու նրանց` ազատության սահմանափակումը:

Պարտադիր չէ իրավաբան լինեք, որ հասկանաք, թե ինչքան օրենքներ են այս իշխանություններն ամեն օր խախտում:

Պարտադիր չէ, որ ձեր նախնիները ցեղասպանության զոհ եղած լինեն, որ Ցեղասպանության ուրացումը ձեզ համար մերժելի լինի:

Պարտադիր չէ, որ Արարատ սարի համար ուշքներդ գնա, որ հակադրվեք Մասիսի դեմ այս անհեթեթ, խելահեղ պայքարին:

Պարտադիր չէ, որ Տիգրանաշենի բնակիչ լինեք, որ Տիգրանաշենի հանձնման դեմ ընդվզեք:

Պարտադիր չէ Գորիս-Կապան ճանապարհի նման զրկվենք նաև դեպի Վրաստան, նաև Եղեգնաձոր ու Սյունիք գնացող ճանապարհներից, որ հասկանաք մեր վիճակի ողջ աղետալիությունը:

Պարտադիր չէ պատերազմ լինի, որ հասկանաք` խաղաղությունը խոսքերով չեն բերում և խաղաղություն չի հաստատվելու քանի դեռ ՔՊ-ն իշխանության է:

Պարտադիր չէ, որ գազը դառնա 600 դոլար, բոլոր ապրանքների և ծառայությունների գները տասնապատկվեն, որ հասկանաք` Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզումը ծանր հարված է լինելու մեր երկրին ու բոլորիս կենսամակարդակին:

Պարտադիր չէ, որ թուրքերն ու ադրբեջանցիները տասնյակ հազարներով ժամանեն Հայաստան, տնավորվեն- տեղավորվեն, որ հասկանաք, թե ուր է մեզ հասցրել ՔՊ-ի վարած քաղաքականությունը:

Այս բոլորը և շատ այլ բաներ գիտակցելու համար մի քիչ սթափություն, մի քիչ մտածելու ունակություն, մի քիչ բարոյականություն է հարկավոր ունենալ… անցյալի իրադարձություններից և սրանց 8-ամյա կառավարումից դասեր քաղելու կարողություն:

ՀԳ Այդ մենք պետք է հարցնեինք` ինչու՞ չզոհվեցիք, չկախվեցիք, չհեռացաք…այսքան ավեր ու կորուստ բերելուց հետո, իրավիճակի ողբերգականությունն այն է, որ անամոթ տղերքի այս խմբակն է նման անբարո հարցեր տալիս հանրությանը…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *