«Անկորիջի ոգի» ասելով մենք նկատի ունենք Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների միջև ձևավորված վստահության մթնոլորտը, որն Ալյասկայի անցյալ տարվա գագաթնաժողովի համատեքստում թույլ տվեց երկու երկրների ղեկավարության մակարդակով համաձայնեցնել Ուկրաինայի շուրջ կարգավորման հիմնական ուրվագծերը, որոնց մենք, մեր կողմից, հավատարիմ ենք մնում»,- «Ведомости»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:
Նրա բնորոշմամբ՝ կարևոր չէ, թե ինչպես է այս գործընթացը կոչվում օվկիանոսից այն կողմ. «Գլխավորն այն է, որ Ռուսաստանում և ԱՄՆ-ում բարձր մակարդակով պահպանվում է ՝ ստեղծագործական աշխատանքը շարունակելու տրամադրվածությունը՝ ինչպես ուկրաինական ուղղությամբ, այնպես էլ մեր երկրների միջև փոխադարձ հարգանքի վրա հիմնված միջպետական համագործակցության վերականգնման ուղիների որոնման գործում»։
«Հաշվի առնելով տարբեր մակարդակներում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև շփումների ընթացիկ դինամիկան ու ինտենսիվությունը՝ երկկողմ երկխոսության դանդաղման մասին խոսելու հիմքեր չենք տեսնում։ Ավելի շուտ պետք է նշել, որ անցյալ տարի համեմատաբար արագ առաջ շարժվելով այն ուղղություններով, որտեղ բազմամյա լճացումն ակնհայտ էր և վնաս էր հասցնում երկու կողմերին, մենք անցնում ենք հարաբերություններում առկա ավելի բազմապլան, բարդ քաղաքական-իրավական կտրուկ շրջադարձերի մեջ արմատներ ունեցող խնդիրների լուծմանը։
Այստեղ անհնարին ոչինչ չկա, սակայն հաջողության հասնելու համար երկու կողմերից կպահանջվի քաղաքական կամք և իրերին սթափ նայելու պատրաստակամություն՝ առանց դրանք աշխարհաքաղաքական կոնյունկտուրայով աղավաղված «պատկերի» մեջ տեղավորելու, ինչպես հակված էին անել ԱՄՆ ներկայիս վարչակազմի նախորդները։ Որոշումներն ու ընտրությունը, ի վերջո, ամերիկյան կողմինն են»,- հավելել է Ռյաբկովը: