
Միջազգային իրավապաշտպան և «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ Ռոբերտ Ամստերդամը դատական հայց կներկայացնի ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի դեմ, եթե նա չհերքի իր ասածը։ Իրավապաշտպանն այդ մասին գրել է ֆեյսբուքյան էջում։
ՔՊ–ական Ռուբինյանն ավելի վաղ հայտարարել էր, թե Ռոբերտ Ամստերդամը կապ է ունեցել սկանդալային ֆինանսիստ, անչափահասների սեռական շահագործման համար բանտարկված, ապա բանտում մահացած Ջեֆրի Էպշտեյնի հետ և նրան իրավաբանական ծառայություններ է մատուցել։
«Ռուբեն Ռուբինյան, դու մարդկային կերպարանքդ կորցրած ստախոս ես։ Ես երբեք չեմ աշխատել Էպշտեյնի հետ և երբեք նրան որևէ խորհրդատվություն չեմ մատուցել։ Եթե անմիջապես և հրապարակայնորեն չհերքես այս բացահայտ սուտը, ես դատական հայց կներկայացնեմ քո դեմ՝ պահանջելով 10 միլիոն դոլարի փոխհատուցում»,– գրել է Ամստերդամը։
Հիշեցնենք` ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնը ձերբակալվեց 2006 թվականին անչափահասներին մարմնավաճառության մեջ ներգրավելու կասկածանքով։ 2019 թվականի օգոստոսին Էպշտեյնի դիակը գտան բանտախցում, որտեղ նա սպասում էր դատավարությանը։ Էպշտեյնի մահը պաշտոնապես որակվեց ինքնասպանություն;
2026 թվականի հունվարին ԱՄՆ արդարադատության նախարարությունը հրապարակեց Ջեֆրի Էպշտեյնի քրեական գործի նյութերը (մոտ 3 միլիոն էջ), ինչից հետո մեծ աղմուկ բարձրացավ, քանի որ դրանցում մի շարք հայտնի մարդկանց անուններ էին շոշափվում։