«Տեղական գործողություններ՝ հանուն գլոբալ ազդեցության». մայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն է

«Տեղական գործողություններ՝ հանուն գլոբալ ազդեցության». մայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն է

«Տեղական գործողություններ՝ հանուն գլոբալ ազդեցության». այս կարգախոսով է 2026 թվականին նշվում Կենսաբազմազանության միջազգային օրը։

Այս տոնը նշվում է ամեն տարի մայիսի 22-ին։ Այն կոչված է հանրության ուշադրությունը հրավիրելու բուսական և կենդանական աշխարհի կորստի խնդրին։

Կենսաբազմազանությունը ձևավորում է կյանքի այն շղթան, որից կախված են սնունդը, ջուրը, դեղամիջոցները, կայուն կլիման, տնտեսական աճը և շատ այլ ոլորտներ։ Ըստ ՄԱԿ-ի՝ աշխարհի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ավելի քան կեսը կախված է բնությունից։ Ավելի քան 1 միլիարդ մարդ իր գոյության հիմքը կապում է անտառների հետ։ Իսկ ցամաքն ու օվկիանոսները կլանում են ածխածնի բոլոր արտանետումների կեսից ավելին։

2026թ․ օրվա թեման  ընդգծում է, որ մեծ փոփոխությունները սկսվում են փոքր քայլերից։ Կենսաբազմազանության կորստի գործընթացը շրջելու ծրագրի հաջողությունը կախված է տեղական մակարդակում իրականացվող միջոցառումների արդյունավետությունից։

Կենսաբազմազանության պահպանության ոլորտի կարևոր միջազգային համաձայնագրերից է ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիան, որն ընդունվել է 1992թ․՝ Ռիո դե Ժանեյրոյում անցկացված Երկրի գագաթնաժողովի ընթացքում։ Կոնվենցիայի կողմերի 17-րդ (COP17) համաժողովը կանցկացվի Հայաստանում՝ 2026թ․ հոկտեմբերի 19-30-ը: Տարբեր երկրներից պատվիրակներ, միջազգային կազմակերպություններ, փորձագետներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ կհավաքվեն՝ քննարկելու կենսաբազմազանության պահպանման ուղղությամբ գլոբալ առաջընթացը և մինչև 2030թ․ նախատեսվող քայլերը։

Համաժողովի քննարկումների առանցքում կլինի Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակային ծրագիրը։ Ծրագրի հիմնական նպատակն է մինչև 2030թ․ դադարեցնել և հետադարձել կենսաբազմազանության կորուստը, իսկ մինչև 2050թ․ հասնել «բնության հետ ներդաշնակ ապրելու» տեսլականին։ Շրջանակային ծրագիրը ներառում է 4 երկարաժամկետ գլոբալ նպատակ մինչև 2050թ․, 23 թիրախ մինչև 2030թ․։  

Կոնվենցիայի պաշտոնական կայքում նշված է, որ այս տարվա Կենսաբազմազանության միջազգային օրվա արշավը կօգնի տեղական նախաձեռնությունները կապել Կունմինգ-Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակի նպատակների հետ՝ ընդգծելով «ամբողջ հասարակության» մոտեցման կարևորությունը։ Կենսաբազմազանության պահպանության գործում պետք է ներգրավված լինեն կառավարությունները, համայնքները, քաղաքները, բիզնեսը, երիտասարդությունը, կանայք և քաղաքացիական հասարակությունը։

Յուրաքանչյուր երկիր գլոբալ շրջանակի նպատակներն իրականացնում է իր ազգային ռազմավարությունների և գործողությունների ծրագրերի միջոցով։ Հայաստանն արդեն հրապարակել է ՀՀ կենսաբազմազանության պահպանության նպատակները և 2026-2030թթ․ գործողությունների ծրագիրը։

Գլոբալ ամենահայտնի թիրախներից մեկը «30×30» նպատակն է՝ պահպանել ցամաքային և ծովային տարածքների առնվազն 30%-ը մինչև 2030թ․։ Ներկայում պահպանության ներքո է գտնվում ցամաքային տարածքների միայն 17%-ը և ծովային տարածքների շուրջ 8%-ը։

«Կենսաբազմազանության կորստի կասեցման և շրջադարձման գործում հաջողությունը կախված է աշխարհի կարողությունից՝ օգտագործելու տեղական գործողությունների կարևորագույն ցանցը՝ կառավարության ջանքերին աջակցելու համար։ Սա երկկողմանի գործընթաց է։ Կառավարություններից ակնկալվում է ստեղծել նպաստավոր պայմաններ բոլոր շահագրգիռ կողմերի ներառական և իմաստալից մասնակցության համար պլանավորման և իրականացման գործընթացներում», – նշված է կոնվենցիայի պաշտոնական կայքում։

Նշենք, որ Երկրի վրա բնակվող մոտ 8 միլիոն տեսակներից մեկ միլիոնը գտնվում է անհետացման վտանգի տակ։ Հայաստանում կա ավելի քան 17 հազար անողնաշարավոր և շուրջ 500 ողնաշարավոր տեսակ, մոտ 3․800-4․000 բարձրակարգ բուսատեսակ։ Ներկայում Կարմիր գրքում ընդգրկված են կենդանիների ավելի քան 300, բույսերի շուրջ 450 տեսակ։

 

Մայիս 22, 2026 at 11:44

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *