«Հրապարակ». Բաքվում ասում են՝ Փաշինյանի կրծքի քարտեզով չոգեւորվեք, դեռ սահմանազատում չի արվել

Բազմիցս անդրադարձել ենք այն իրողությանը, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրությունը պաշտոնական Բաքվի եւ Անկարայի սրտով է։ Եթե Ադրբեջանում այդ մասին խոսում են եւ խոստովանում են «մեդիալեզվով»՝ առանձին գործիչների եւ փորձագետների մակարդակով, Ալիեւի՝ Փաշինյանի հասցեին արված որոշակի «դրական» ձեւակերպումներով, ապա Անկարան ուղիղ հայտարարել է այդ մասին, օրինակ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի արած հայտնի հայտարարությամբ։ Բայց պարզվում է, որ Ադրբեջանում այդքան էլ չեն հավատում Փաշինյանի անկեղծությանը, մասնավորապես՝ տարածքային ամբողջականության երկուստեք ճանաչման եւ վերջնական խաղաղության հասնելու հարցերում։

«Ադրբեջանը վաղաժամ է ուրախանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, այսպես կոչված, խաղաղասիրական հռետորաբանությամբ: Նրա բարձրաձայն հայտարարություններին՝ խաղաղության եւ Մոսկվայից հեռանալու մասին, դեռեւս չի հաջորդել որեւէ հիմնարար քայլ, որը ցույց կտա Երեւանի կողմից նախկին քաղաքականությունից իրական հրաժարումը»,- այս կարծիքն է հայտնել Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիգ Զուլֆուղարովը «Մինվալ պոլիտիկա»-ին տված հարցազրույցում։ Նրա կարծիքով, Փաշինյանի ներկայիս գիծը մեծ մասամբ մարտավարական է, եւ ադրբեջանական լրատվամիջոցների որոշ աշխատակիցներ չափազանց շտապում են Հայաստանի վարչապետի հայտարարություններն ընկալել որպես խաղաղության վերջնական շրջադարձի ապացույց։ Դիվանագետի պնդմամբ, «Հայաստանի վարչապետի հայտարարությունները պետք է գնահատվեն ոչ թե խոսքերով, այլ կոնկրետ գործողություններով՝ հիմնականում Սահմանադրության փոփոխության, տարածքային պահանջներից հրաժարվելու եւ նախկին խորհրդային հանրապետությունների վարչական սահմանները ճանաչելու հետ կապված պարտավորությունների կատարման հարցերում»։

Նախկին նախարարը քննադատել է նաեւ հայկական կողմի մոտեցումը տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հարցում։ Դիվանագետի խոսքով՝ «Երեւանը փորձում է փոխադարձ ճանաչման փաստը ներկայացնել որպես բարենպաստ սահմանների վերջնական հաստատում, չնայած սահմանազատման եւ սահմանագծման գործընթացները դեռեւս ավարտված չեն»։ «Նա շրջում է՝ կրծքին այս նշանը (նկատի ունի ՀՀ քարտեզով պատկերը)… Նրանք ուզում են ստանալ այս «նշանը»՝ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը, եւ այն ներկայացնել որպես բոլոր պահանջների վերջնական ընդունում»։ Մեկնաբանելով Փաշինյանի խաղաղ հռետորաբանությունը՝ Զուլֆուղարովը կասկածանքով է մոտեցել Երեւանի եւ Մոսկվայի միջեւ հարաբերությունների ցուցադրական սառեցմանը։

Նա նշել է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրի շարունակական աճը, ռուսական ռազմական ենթակառուցվածքների պահպանումը եւ ռուսական ներկայությունը կրճատելու իրական քայլերի բացակայությունը։ Դիվանագետը նաեւ խոստովանել է, որ Ադրբեջանի համար, կանխատեսելիության առումով, «անկեղծ Քոչարյանն» ավելի նախընտրելի կլիներ, քան «խորամանկ Փաշինյանը»։ Բացառված չէ, որ Բաքվում սկսել են սթափ նայել իրականությանը եւ Փաշինյանի հետ կապված սառը հաշվարկներ անել՝ հետեւելով նրա քարոզարշավին, նրա հիստերիկ վարքագծին ու հռետորաբանությանը։ Չի կարող հայատյաց հարեւանն իր համար բաղձալի արդյունքն անվերապահորեն կապել Փաշինյանի ու նրա իշխանության հետ, որքան էլ վերջինս կատարել եւ կատարում է Ադրբեջանի բոլոր պահանջները։ Բայց նաեւ չի կարելի բացառել, որ սա թուրքական դիվանագիտության հնարքներից է՝ գովել Քոչարյանին՝ նրան վնասելու եւ Փաշինյանին անուղղակի աջակցելու համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *