Հայաստանում գործող կենսաթոշակների և նպաստների 20% հետվճարի
ծրագիրը շարունակում է մեծ թվով քաղաքացիների ներգրավել։ Աշխատանքի
և սոցիալական հարցերի նախարարության հրապարակած տվյալների
համաձայն՝ միայն 2026 թվականի ապրիլին ծրագրից օգտվել է շուրջ 531,038
կենսաթոշակառու և նպաստառու։ Միջին հետվճարը կազմել է 8,080 դրամ։
Ծրագրի շրջանակում քաղաքացիները կենսաթոշակային քարտերով
կատարում են անկանխիկ գնումներ, ինչից հետո ծախսված գումարի 20%-ը
վերադարձվում է նրանց հաշվին՝ մինչև 10,000 դրամի չափով։ Համակարգն
աշխատում է ինքնաշխատ եղանակով և լրացուցիչ գործողություններ չի
պահանջում շահառուներից։
Պաշտոնական տվյալներով՝ ծրագրի մեկնարկից մինչ օրս իրականացվել է
շուրջ 445,8 միլիարդ դրամի անկանխիկ գործարք, իսկ հետվճարների
ընդհանուր ծավալը հասել է 47,6 միլիարդ դրամի։
Տնտեսագետների կարծիքով՝ ծրագիրն ունի ոչ միայն սոցիալական, այլև
տնտեսական նշանակություն։ Այն խրախուսում է անկանխիկ վճարումները,
նվազեցնում ստվերային շրջանառությունը և միաժամանակ որոշ չափով
թեթևացնում թոշակառուների ֆինանսական բեռը։
68-ամյա Սամվել Հարությունյանը, որը ծրագրից օգտվում է արդեն մի քանի
ամիս, ասում է, որ սկզբում թերահավատ էր․
«Մտածում էի՝ հերթական ծրագիրն է, որից մարդիկ չեն օգտվի։
Բայց հետո տեսա, որ ամեն ամիս գումար է վերադառնում քարտիս։
Թոշակը մեծ չէ, դրա համար նույնիսկ մի քանի հազար դրամն
էական տարբերություն է տալիս»։
Իսկ 70-ամյա Լարիսա Պողոսյանի խոսքով՝ ծրագիրը փոխել է իր առօրյա
գնումների ձևը․
«Ես ամեն ամիս հիմնական գնումներս հիմա քարտով եմ անում՝
մթերք, դեղորայք, երբեմն նաև կոմունալ վճարումներ։ Նախկինում
կանխիկ էի օգտագործում, բայց հիմա արդեն սովորել եմ։ Երբ
տեսնում եմ, որ ամսվա վերջում գումար է հետ գալիս քարտիս,
հասկանում եմ, որ իրական օգուտ կա։ Էդ վերադարձված գումարով
երբեմն թոռներիս համար բան եմ գնում կամ դեղերիս գումարն եմ
լրացնում»։
Չնայած ծրագրի դրական արձագանքներին՝ մասնագետները նշում են, որ դեռ
կան խնդիրներ։ Որոշ տարեցներ դժվարությամբ են օգտվում բանկային
քարտերից կամ նախընտրում են կանխիկ վճարումները։ Հատկապես
մարզերում ոչ բոլոր խանութներն են ապահովված համապատասխան
վճարային սարքերով։
Այնուամենայնիվ, թվերը ցույց են տալիս, որ ծրագիրն արդեն դարձել է
հազարավոր թոշակառուների առօրյայի մի մասը։ Շատերի համար այն
պարզապես հետվճար չէ, այլ փոքր, բայց կարևոր աջակցություն՝ գնաճի և
աճող ծախսերի պայմաններում։
Top-News.am