Արցախի ղեկավարների ծանր դատավճիռը, Լավրովը զարմացած էր, ՔՊ-ի ցուցակը դեռ պատրաստ չէ․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ը ներկայացնում է փետրվարի 5-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Բաքվի ռազմական դատարանն այսօր ցմահ ազատազրկման է դատապարտել Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանին, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական պետական ԱՊԱ լրատվական գործակալությունը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման, քանի որ Ադրբեջանի օրենսդրությունն արգելում է 65 տարին լրացած անձանց ցմահ ազատազրկել: Մեղադրյալներից Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը դատապարտվեցին 19, Գարիկ Մարտիրոսյանը 18, Դավիթ Ալավերդյանը և Լևոն Բաբայանը 16, Վասիլ Բեգլարյանը, Գուրգեն Ստեփանյանը և Էրիկ Ղազարյանը՝ 15 տարվա ազատազրկման։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ հարուցված շինծու քրեական գործով վերջին դատական նիստը կայացել էր նախորդ տարվա դեկտեմբերի 26-ին։ Այդ նիստից հետո գործը քննող դատավորը հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու նպատակով։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը Բաքուն մեղադրում մի քանի տասնյակ հոդվածներով՝ պատերազմ ծրագրելու և իրականացնելու, ապօրինի վերաբնակեցման, կտտանքների և այլն: Նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու դատավարությունն առանձին է ընթանում։ Նրան ևս ծանր մեղադրանքներ են ներկայացվել, իսկ դատավճիռ դեռևս չի կայացվել։

Դատական գործընթացների բոլոր դատավորների, քննիչների, մեղադրողների, հրահանգ տվողների, երեկ մրցանակներ ստացողների, Եվրոպայի խորհրդարաններում զրպարտողների պարանոցին է դրված այսօր Բաքվի բանտում տեղի ունեցած վերդիկտ կոչվածը: Այս մասին իր այսօրվա դատական նիստի ժամանակ ասել է Բագրատ Սրբազանը։ «Իմ ասելիքն այսօր ցավալի բանի մասին է՝ ամոթի և խայտառակության: Ճիշտ այսօր՝ Բաքվի դատարանում, Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությանը ցմահ ազատազրկման են դատապարտել: Ամոթ այն ամբողջ հասարակական և ոչ հասարակական, քաղաքական ու պետական մտքին, ովքեր աջակից են եղել այս ամբողջ գործընթացին: Այսօր մեր եղբայրներին երկարատև տարիների տանջանքից հետո ցմահ դատապարտել են բանտարկության, և սա առաջին հերթին ուղղված է մեր հավաքական գոյությանը, և նրան, թե արդյոք մենք ապրելու իրավունք ունենք, թե ոչ»,- ասաց նա։ Բագրատ Սրբազանն ընդգծեց՝ շատ է ցավում, որ մենք ապրում ենք ստրկության և գերության այս զազրելի օրերը, ամոթի ու խայտառակության օրերը: «Իմ եղբայրների ցմահ ազատազրկումը թշնամու բանտում՝ բոլորիս բանտարկությունն է»,- շեշտել է նա։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ Հայաստանի դեմ հիբրիդային հարձակումների մասին պնդումները առնվազն տարօրինակ են։ Այս մասին Լավրովն ասել է այսօր՝ Ալեն Սիմոնյանի հետ Մոսկվայում կայացած հանդիպման մեկնարկին։ «Տարօրինակ է լսել հյուսիսից Հայաստանի դեմ նախապատրաստվող առասպելական հարձակումների մասին պարբերաբար հնչող հայտարարությունները։ Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը ձեզ մոտ ըստ էության արդեն իսկ մեկնարկում է։ Եվ կարող եմ ձեզ վստահեցնել, որ երբ արտերկրից՝ ակնհայտորեն ակնարկելով Ռուսաստանին, ազդակներ են հնչում, թե ինչ-որ մեկը պատրաստվում է միջամտել, երբ Երևանից են Եվրամիությանն ուղղված կոչեր հնչում՝ թույլ չտալ այդ միջամտությունը, այդ ամենը մեզ համար տարօրինակ է։ Մենք կարծում ենք, որ պատասխանատու քաղաքական գործիչները Երևանում հասկանում են, որ նման քայլերը ակնհայտ սադրիչ նպատակներով են արվում», – հայտարարեց Լավրովը։ Մոտ 8 րոպե տևած ներածական խոսքում Ռուսաստանի ԱԳ նախարարն այսօր մեկ անգամ ևս կրկնեց վերջին շրջանում Մոսկվայից պարբերաբար հնչող այն պնդումը, որի համաձայն՝ Երևանը, խորացնելով հարաբերությունները Եվրամիության հետ, պետք է հստակորեն ըմբռնի դրա հետևանքները: «Անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը անհամատեղելի է այն սկզբունքների հետ, որոնք դրված են ԵՄ-ի հետ համագործակցության, առավել ևս անդամակցության հիմքում։ Ընտրությունը ձերն է, և մենք այն լիովին կհարգենք։ Մենք, սակայն, ակնկալում ենք, որ այդ ընթացքում հաշվի կառնվի այն արդյունքը, որին հասել է Հայաստանը վերջին տասը տարիներին՝ ԵԱՏՄ լիիրավ անդամ դառնալուց հետո», – ասել է Լավրովը, ինչին ի պատասխան՝ Ալեն Սիմոնյանը շտապեց հավաստիացնել Լավրովին՝ Երևանը ԵԱՏՄ-ից դուրս գալու մտադրություն չունի։ «Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, Մաքսային միությանը, ապա մենք չենք կարծում, որ պետք է լքենք այն։ Մենք կարծում ենք, որ միասին կկարողանանք այնպիսի լուծում գտնել, որ շահավետ կլինի երկու կողմերին էլ», – պնդում էր Սիմոնյանը։ Դիմելով Լավրովին՝ նա նաև նշում էր, որ հայ հանրությանը մտահոգում են «Մոսկվայից պարբերաբար հնչող հայտարարությունները»։ Ալեն Սիմոնյանը, սակայն, չհստակեցրեց, թե հատկապես որ հայտարարությունների մասին է խոսքը: Լավրովն այսօր չշրջանցեց նաև Հարավային Կովկասում հաղորդակցության ուղիների վերագործարկման և դրանում Ռուսաստանի մասնակցության թեման։ «Տեսնում ենք՝ որքան բարդ է իրավիճակը Հարավային Կովկասում։ Այն քայլերը, որոնք համաձայնեցվել էին 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի կողմից, մեր համոզմամբ, դեռ չեն կորցրել իրենց հրատապությունը։ Այդ քայլերը թույլ կտան լուծել Հարավային Կովկասում առկա բոլոր տնտեսական, տրասնպորտային, լոգիստիկ խնդիրները։ Դրանից Հայաստանը ևս շահելու է», – պնդում էր Լավրովը, ում խոսքերին բանակցությունների առնվազն դռնբաց հատվածում Սիմոնյանը չարձագանքեց։

Մանրամասները՝ տեսանյութում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *