Ճակատում հաջողությունների բացակայությունը, աճող կորուստները, ուկրաինական դրոնների ավելի ու ավելի հաջող հարձակումները և տնտեսության ճգնաժամը, որն ուղեկցվում է հատուկ ծառայությունների պահանջով ինտերնետի մշտական անջատումներով, ստիպում են Ռուսաստանի ղեկավարության ներկայացուցիչներին ավելի սթափ նայել այն պատերազմին, որը նրանք վարում են։ Հասարակությունում նկատվող նյարդայնությունը կիսում են էլիտայի բազմաթիվ ներկայացուցիչներ, ընդ որում՝ որոշ բարձրաստիճան կրեմլյան պաշտոնյաներ կարծում են, որ հակամարտությունը փակուղի է մտե, և դրա լուծման ուղիներ չեն երևում, գրել է Bloomberg-ը՝ հղում կատարելով իրազեկ աղբյուրներին։
Վլադիմիր Պուտինը, այս մարդկանցից մեկի խոսքով, մտադիր է շարունակել պատերազմը, բայց կցանկանար այն ավարտել մինչև տարեվերջ՝ ճիշտ է, ինչպես նախկինում, իր պայմաններով, ներառյալ Դոնբասի նկատմամբ լիակատար վերահսկողություն ստանալը։ Պուտինը նաև կցանկանար Եվրոպայի հետ կնքել անվտանգության վերաբերյալ ավելի լայն համաձայնագիր, որը փաստացի Մոսկվայի համար կամրագրեր նրա տարածքային նվաճումները։
Մի քանի եվրոպացի դիվանագետներ Bloomberg-ին ասել են, որ ռուսական իշխանության միջանցքներում մթնոլորտը մռայլ են համարում․ մարտադաշտում ստեղծվել է փակուղային իրավիճակ, իսկ ուկրաինական անօդաչուները ոչ միայն մշտապես խաթարում են նավթը վերամշակող և արտահանող ձեռնարկությունների աշխատանքը, այլև պատերազմը հասցրել են Մոսկվա։ Մայիսի 17-ի գիշերը գրեթե 600 դրոն իրականացրել է հակամարտության սկզբից ի վեր ամենախոշոր հարձակումը Մոսկվայի մարզի դեմ՝ խոցելով էներգետիկ օբյեկտներ, ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություն և «Շերեմետևո» օդանավակայանը։
Վախենալով դրոններից՝ Պուտինը գրեթե դադարել է շրջել մարզերով և հանրության առջև հայտնվում է միայն Մոսկվայում, Մոսկվայի մարզում և Պետերբուրգում, որոնք առավել ուժեղ են պաշտպանված ՀՕՊ միջոցներով։ Երկրի ներսում նրա տեղաշարժերի դադարը, Ուկրաինայի զինված ուժերի հարվածների հաճախացման ֆոնին, հասել է 196 օրվա, հաշվարկել է գործակալությունը։
Միևնույն ժամանակ, Կրեմլի առաջնորդը չի նվազեցրել հավակնությունները և մտադիր է գրավել Դոնբասը, մանավանդ որ բարձրագույն ռազմական հրամանատարությունը նրան համոզել է, թե դա կարելի է անել մինչև աշուն, հաղորդել էր Financial Times-ը։ «Ես նրան դրդում էի ամեն ինչ ավարտել ճակատային ներկա գծի վրա։ Բայց նա շարունակում է ասել. «Ոչ, ես չեմ կարող դա անել», — FT-ին պատմել է զրուցակիցներից մեկը։
Սակայն ռուսական բանակի առաջխաղացումը պարզապես կանգ չի առել։ ԱՄՆ պաշտպանության նախարարության հետախուզական վարչության գնահատմամբ՝ այն բանից հետո, երբ հունվարին ռուսական բանակի համար անջատվեցին Starlink արբանյակային ինտերնետի տերմինալները, Ուկրաինայի զինված ուժերն ազատագրել են մոտ 400 քառակուսի կիլոմետր։
Ուկրաինական ստորաբաժանումներն ավելի ու ավելի հաճախ են կազմակերպում հակագրոհներ, որոնցում դրոնները, այդ թվում՝ ցամաքային, օգտագործվում են հետևակի հետ միասին։ Առայժմ բեկման հասնել չի հաջողվում անձնակազմի զգալի պակասի պատճառով, սակայն բանակն այլևս խուլ պաշտպանության վիճակում չէ, ինչպես 2025 թվականին։
Պաշտպանության նախարար Միխայիլ Ֆյոդորովն այս շաբաթ լրագրողներին ասել է, որ Ուկրաինան զգալիորեն «դանդաղեցրել է հակառակորդի հարձակումը և աստիճանաբար վերադարձնում է նախաձեռնությունը»։ Նա պատրաստում է բարեփոխումներ՝ ուղղված բանակում ավելի շատ մարդկանց ներգրավմանը, թեև զորակոչը մնում է ծայրահեղ ոչ պոպուլյար պատերազմից հինգերորդ տարին հոգնած երկրում։ Ենթադրվում է բարձրացնել զինծառայողների աշխատավարձը՝ առաջին հերթին հետևակը համալրելու համար, և գտնել նորակոչիկներ ներգրավելու այլ եղանակներ, ինչպես նաև բարձրացնել զորքերի տեղակայման արդյունավետությունը և ընդլայնել դրոնների, այդ թվում՝ ցամաքային, կիրառումը, գրել է Bloomberg-ը։
Նույնիսկ ամենամարտական ռուսաստանցի ռազմական թղթակիցներն այլևս մոբիլիազացիայի կոչ չեն անում, որի անհրաժեշտության մասին խոսում էին համեմատաբար ոչ վաղ անցյալում, նշել է Իվան Ֆիլիպովը, որը պատերազմի սկզբից ուսումնասիրում է z-համայնքը։ Նրա խոսքով՝ նրանք հասկանում են, որ դա ոչինչ չի տա․ Ուկրաինայի զինված ուժերն այնքան խիստ են վերահսկում առաջնագիծը դրոնների օգնությամբ, որ զորքերի զանգվածային ժամանումը կնշանակի միայն նոր զանգվածային կորուստներ, բայց ոչ ճակատի բեկում։
Ամենուրեք առկա դրոնները անարդյունավետ են դարձրել նույնիսկ «ներթափանցման» մարտավարությունը, որի օգնությամբ ռուս զինվորները անցյալ տարվանից սովորաբար երկու հոգանոց խմբերով փորձում էին ներթափանցել ուկրաինական պաշտպանության ճեղքերով՝ միաժամանակ կորցնելով հարձակման գնացողների 80-90 տոկոսը։