Global Burden of Disease Study 2023 ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 2023 թվականին աշխարհում գրեթե 1.2 միլիարդ մարդ ունեցել է հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ․ գրում է CNN-ը։
Այս ցուցանիշը 1990 թվականից ի վեր բարձրացել է 95.5%-ով։
The Lancet ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը ցույց է տալիս՝ ինչպես են ուսումնասիրված 12 հոգեկան խանգարումների վերաբերյալ միտումները տարբերվում ըստ տարիքի, սեռի, ապրելու վայրի և սոցիալ-ժողովրդագրական գործոնների։
Նշվում է, որ տագնապային անհանգստության և դեպրեսիայի խանգարումների աճն ամենամեծն է։ Հաջորդ տեղում անձի խանգարումների հետ կապված հիվանդություններն են։ Ուսումնասիրված այլ հոգեկան խանգարումների թվում են Երկբևեռ աֆեկտիվ խանգարումը, շիզոֆրենիան, աուտիզմը, ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշը, անորեքսիան, բուլիմիան, դիստիմիան, վարքի խանգարումները և այլն։
Հետազոտության հեղինակների համաձայն՝ «ամբողջ աշխարհում հոգեկան խանգարումների վիճակի վատթարացման տեսանկյունից ավելի մտահոգիչ փուլ ենք թևակոխում»։ Հոգեկան խանգարումների մեծ մասն ավելի տարածված է կանանց շրջանում, սակայն աուտիզմը, վարքային խանգարումները, ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշը, անձի խանգարումներն առավել տարածված են տղամարդկանց մոտ:
Ուսումնասիրությունը նաև օգնում է ավելի լավ պատկերացնել Covid-19 համավարակի հնարավոր ազդեցությունը հոգեկան առողջության հետ կապված խնդիրների վրա: Համավարակից առաջ տագնապային անհանգստության, դեպրեսիայի և որոշ այլ խանգարումների մակարդակն արդեն իսկ աճում էր, սակայն դրա ընթացքում և դրանից հետո, օրինակ, դեպրեսիայի ցուցանիշներն աճել են և չեն վերադարձել համավարակից առաջ եղած մակարդակին:
Մասնագետների խոսքով՝ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ է բարելավել կենսակերպը, սննդակարգը, սոցիալական կապերը, ֆիզիկական ակտիվությունը, քունը, աշխատանքի և անձնական կյանքի միջև հավասարակշռությունը։