Ինձ ոչ ոք չի ուղարկել, մի՛ կասկածեք. Սամվել Կարապետյան

Ինձ ոչ ոք չի ուղարկել, ես նույնիսկ չեմ կարող նման պրոցես պատկերացնել։ Այս մասին հայտնել է տնային կալանքի տակ գտնվող, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից վարչապետի թեկնածու, գործարար և բարերար Սամվել Կարապետյանը՝ հայկական լրատվամիջոցների խմբագիրների խմբի հետ հանդիպման ժամանակ։

«Չկա այն մարդը կամ ուժ, որ կարողանա ինձ ստիպել անել այն, ինչ ես չեմ ուզում։ Աշխարհում չկա այնպիսի բիզնես, որի համար ես Հայաստանի շահերը կդնեի հարվածի տակ։ Իրենք ի՞նչ կարող են անել, մի քանի ընկերություն խլե՞ն։ Փաշինյանն էլ փորձեց դա անել, հետո՞։ Գցեց իր ոտքի՞ն։ Նրանք էլ կգցեն իրենց ոտքին։ Ես վստահ եմ, որ դա չի լինելու, բայց եթե եղավ, ուրեմն եղավ։ Եթե ես որոշել եմ արդեն կյանքս նվիրել երկրի զարգացմանը, դա լինելու է գլխավոր նպատակ։ Ինձ ոչ ոք չի ուղարկել, ես նույնիսկ այդ պրոցեսը չեմ կարող պատկերացնել։

Ես կասկածում եմ, որ Փաշինյանն իրենց ամենաանիմաստ գործակալն է։ Միգուցե, բայց ես տեղյակ չեմ, պարզապես ենթադրում եմ։ Նրա քայլերը… Միգուցե Էֆէսբեի գործակալ չի, գուցե Ֆիդանի գործակալն է, ես չգիտեմ։ Բայց ինըք ինչ մեր հայրենիքիհանդեպ անում է, դա նորմալ մարդու քայլեր չեն կարող լինել։ Ինձ ոչ ոք չի ուղարկել, ինձ դա ստիպել է անել Փաշինյանը, երբ հարձակվել է մեր եկեղեցու վրա։ Բայց հստակ է, որ ՌԴ-ում ինձ հետ այդ թեմայով ոչ մի անգամ խոսակցություն չի եղել։ Եթե նման բան լիներ, Փաշինյանը չէր համարձակվի ինձ 5 ամիս ամենածանր պայմաններում պահել ԿԳԲ-ի նկուղներում», – նշել է Կարապետյանը։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք իշխանությունները արտահոսքերի միջոցով չեն ծրագրում հող նախապատրաստել, որպեսզի Կարապետյանին չեզոքացնեն ընտրական գործընթացներից, քաղաքական գործիչը նկատել է, որ նման բան չի բացառվում, կամ ուժային կառույցները արջի ծառայություն են մատուցում Փաշինյանին։ Նրա խոսքով՝ «Ուժեղ Հայաստանի» շարքերում հազարավոր ակտիվիստների մեջ կարող են լինել ներթափանցված անձինք, նրանց էլ ձայնագրում են և ցուցադրաբար կալանավորում, բայց նրանց մեղավորության վերաբերյալ դատարանի ոչ մի որոշում չկա։

Կարապետյանի գնահատմամբ՝ իշխանությունները պատրաստ են իրենց ցանկացած ապօրինի քայլին։ «Բայց որքան էլ անուղեղ լինեն, չեն ուզենա լինել ոչ լեգիտիմ իշխանություն, իսկ այդպես կդառնան ոչ լեգիտիմ, ժողովուրդը դա թույլ չի տա։ Ինչպե՞ս կարող են իշխանությունը պահել բնակչության մեկ քառորդի աջակցությամբ, դա վտանգավոր կդառնա նրանց համար ոչ միայն որպես իշխանություն, այլև անձամբ յուրաքանչյուրի համար։ Եթե պրոցես սկսվի, մենք չենք կարող մեկնաբանել, թե այն ինչպես կավարտվի, աշխարհում շատ օրինակներ կան», – զգուշացրել է քաղաքական գործիչը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *