Bitcoin-ով առաջին գնումից անցել է 16 տարի․ երկու պիցցա, որն այսօր կարժենար 770 միլիոն դոլար

2010 թվականի մայիսի 22-ին պատմության մեջ առաջին անգամ իրական ապրանք է գնվել Bitcoin-ով։ Այդ օրը ամերիկացի ծրագրավորող և առաջին մայնինգ իրականացնողներից մեկը՝ Լասլո Հանեցը, Bitcointalk ֆորումում հայտարարել էր, որ 10 հազար բիթքոյն կուղարկի նրան, ով իր տուն երկու պիցցա կպատվիրի։

Ուսանող Ջերեմի Սթարդիվենթը պատվիրել էր երկու սնկով պիցցա Papa John’s-ից՝ մոտ 40 դոլար արժեքով։

Այս գործարքը պատմության մեջ մտավ որպես Bitcoin Pizza Day և համարվում է բիթքոյնով ապրանք գնելու առաջին փաստագրված դեպքը։ Այդ ժամանակ դա հիմնականում ընկալվում էր որպես ապացույց, որ կրիպտոարժույթը ընդհանրապես կարող է օգտագործվել վճարումների համար։

Գործարքի պահին բիթքոյնը դեռ չուներ բորսայական շուկա կամ պաշտոնական փոխարժեք, և մետաղադրամները փաստացի գրեթե արժեք չունեին։ Այսօր նույն 10 հազար BTC-ի արժեքը կկազմեր մոտ 770 միլիոն դոլար։


Բիթքոինի ստեղծողը անհետացել է հանրությունից 15 տարի առաջ


Բացի այդ, գործարքի միջնորդավճարը Հանեցին արժեցել էր ևս 0,99 BTC, որն ընթացիկ փոխարժեքով գնահատվում է շուրջ 77 հազար դոլար։

Bitcoin Pizza Day-ը հետագայում դարձավ կրիպտոհամայնքի ոչ պաշտոնական տոնը և խորհրդանիշը այն բանի, թե ինչպես է Bitcoin-ը 16 տարվա ընթացքում անցել էնտուզիաստների փորձարարական նախագծից մինչև ավելի քան 1,5 տրիլիոն դոլար կապիտալիզացիա ունեցող գլոբալ ակտիվի ճանապարհ։

Տոնը հատկապես լայն ճանաչում ստացավ 2017 թվականից հետո, երբ Հանեցի պատմությունը դարձավ հայտնի ամբողջ կրիպտոհամայնքում։

Միևնույն ժամանակ, Հանեցը միայն «պիցցայի պատմությամբ» չի հայտնի դարձել։ Նա մասնակցել է Bitcoin Core-ի առաջին MacOS տարբերակի ստեղծմանը, իսկ 2010 թվականի մայիսին առաջին անգամ ներկայացրել է GPU-մայնինգի գաղափարը։

Թեև ինքը հետագայում չի զարգացրել տեսաքարտերով մայնինգի ուղղությունը, քանի որ Սատոշի Նակամոտոն այն չափազանց բարդ էր համարել իր ստեղծած կրիպտոարժույթի համար, մյուս ծրագրավորողները գաղափարը հեռանկարային են գնահատել։ Նրանք օգտագործել են Հանեցի հրապարակած բաց կոդը և ստեղծել սեփական տարբերակները Windows, Mac և Linux համակարգերի համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *