Եթե այսօր կա մեկը, որ պետք է բացատրի, թե ինչու չի զոհվել, դա Փաշինյանն  է

Փաշինյանն իր արտահայտած մտքերը, հայտարարությունները հանրության առաջ նետելուց առաջ գոնե մեկ անգամ աչքի՞ է անցկացնում։ Չի՞ նկատում, թե տրամաբանության հետ ինչ ահավոր հակասություններ է ստեղծում, ու արդյունքում նույն հարցերը վերադառնում են հենց իրեն։ Վերցնենք թեկուզ այս հայտարարությունը։ Ասուլիսի ժամանակ ասում է․ «Ես հայ ժողովրդին չեմ հարցրել, թե ինչու չեք զոհվել, այլ՝ Ղարաբաղի քաղաքական փսևդոէլիտային է հարցս ուղղված»։ Հետո շարունակում է նույն տրամաբանությամբ․ «Սամվել Շահրամանյանից սկսած բոլորը պատասխան են տալու զինվորին մենակ թողնելու համար։ Նրանք, ովքեր իրենց անվանում են Ղարաբաղի խորհրդարանի անդամ կամ չգիտեմ՝ ինչ սեկտորի ներկայացուցիչ։ Այդ մարդիկ մի անգամ գնացե՞լ են սահման, կրակե՞լ են։ Երբ ասում եմ «փախածներ», նկատի ունեմ Ղարաբաղի պսևդոէլիտային և հանրային պսևդոէլիտային»։

Չշարունակեմ նրա հերթական «փայլատակումները»։ Միայն հիշեցնեմ՝ Շահրամանյանը նախագահի պաշտոնում ընդամենը մի քանի օր էր եղել։ Բայց խնդիրը նույնիսկ դա չէ։ Խնդիրն այն է, որ նույն հարցերը հասարակությունը լիովին իրավունք ունի ուղղելու հենց Փաշինյանին։ Եթե նա այսօր մեղադրում է ուրիշներին «զինվորին մենակ թողնելու» մեջ, ապա առաջին հերթին պետք է պատասխանի՝ իսկ ինքը ինչո՞ւ զինվորին մենակ թողեց։ Ինչո՞ւ գերագույն հրամանատար եղած մարդը պատերազմի ամենածանր օրերին չկար առաջնագծում, ինչո՞ւ չէր կռվում զինվորի կողքին։ Մի անգամ ինքն անձամբ կրակե՞լ է։ Մի անգամ ինքն անձամբ կանգնե՞լ է այն խրամատում, որտեղից այսօր բարոյականության դասեր է տալիս։

Երբ նա հարցնում է՝ «ինչո՞ւ չեք զոհվել», չի՞ հասկանում, որ նույն հարցը կարող են տալ իրեն։ Որովհետև հենց ինքն էր երկրի ղեկավարը, հենց ինքն էր գերագույն հրամանատարը, հենց իր որոշումների հետևանքներն էին վճարում հազարավոր տղաներ իրենց կյանքով։ Եվ եթե այսօր ինչ-որ մեկը պետք է բացատրի, թե ինչու է զինվորը մնացել մենակ, ինչու ինքը չի զոհվել, ապա առաջին հերթին դա պետք է անի Նիկոլ Փաշինյանը։ Որովհետև իր տրամաբանությամբ Արցախի կորստի համար պատասխանատու է «պսևդոէլիտան»։ Իսկ գերագույն հրամանատարը, որը երաշխավորն էր Արցախի անվտանգության, «պսևդոէլիտայի» մեջ չի՞ մտնում։ Թե՞ նա պատասխանատու է միայն Հայաստանի սուվերեն տարածքների կորստի համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *