Ֆրանսիայի նախկին վարչապետ Գաբրիել Ատալը կառաջադրվի երկրի նախագահի պաշտոնում

Ֆրանսիայի նախկին վարչապետ Գաբրիել Ատալը հայտնել է, որ հաջորդ տարի կառաջադրվի նախագահի պաշտոնում, երբ գործող պետության ղեկավար Էմանուել Մակրոնը հեռանա պաշտոնից, հաղորդել է AFP-ն։

«Ես այլևս չեմ կարող տանել այսպիսի ֆրանսիական քաղաքականությունը, որտեղ կա անկման ընդամենը 50 երանգ, – ասել է 37-ամյա քաղաքական գործիչը, որը դարձել էր Ֆրանսիայի ամենաերիտասարդ վարչապետը 2024 թվականին։ – Ես որոշել եմ առաջադրվել նախագահի պաշտոնում»։

Նախագահի նոր թեկնածուն՝ հրեական ծագում ունեցող փարիզաբնակը, բացահայտ միասեռականը, Մակրոնի հիմնադրած «Վերածնունդ» կուսակցության ղեկավարը, հույս ունի գլխավորել կենտրոնամետ ճամբարը 2027 թվականի ընտրություններում։

Ատալը կմրցակցի 55-ամյա Էդուար Ֆիլիպի՝ կառավարության նախկին ղեկավարի հետ, որն ավելի վաղ Մակրոնի նախագահության օրոք զբաղեցրել է այդ պաշտոնը և գլխավորում է իր սեփական «Հորիզոններ» կուսակցությունը։ Հանրային կարծիքի հարցումները ցույց են տալիս, որ Ֆիլիպը կարող է հաղթել նախագահական ընտրությունների երկրորդ փուլում։

Ատալը շատ արագ առաջընթաց գրանցեց քաղաքական կարիերայում այն բանից հետո, երբ 20-ից մի փոքր ավելի տարեկանում մտավ քաղաքականություն։ 2017 թվականին նա ընտրվեց Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատում, այնուհետև զբաղեցրեց կառավարության խոսնակի, բյուջեի նախարարի և կրթության նախարարի պաշտոնները։ Նա հեռացավ վարչապետի պաշտոնից այն բանից հետո, երբ Մակրոնը 2024 թվականի ամռանը ցրեց խորհրդարանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *