Ավելի քան 500 գրենլանդացի ցույց է անցկացրել՝ ի նշան բողոքի կղզու նկատմամբ վերահսկողություն սահմանելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ցանկության դեմ, ինչը տեղի է ունեցել Նուուկում ԱՄՆ հյուպատոսության նոր շենքի բացումից հետո, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։
Հավաքված բազմությունը վանկարկել է և ձեռքում պահել «Վերադարձիր տուն, ԱՄՆ», «Թող Ամերիկան հեռանա» և «Մենք չենք վաճառվում» գրություններով պաստառներ, շատերը ծածանել են Գրենլանդիայի կարմիր-սպիտակ դրոշը, հայտնում է Ֆրանսպրես գործակալության լրագրողը, որը հնգշաբթի ուշ երեկոյան գտնվել է կղզի-պետության մայրաքաղաքում։
Ցուցարարները թիկունքով շրջվել են դեպի հյուպատոսության շենքը և երկու րոպե տևած լռությամբ արտահայտել Միացյալ Նահանգների հանդեպ իրենց դժգոհությունը։
Մայրաքաղաք Նուուկի կենտրոնում գտնվող նոր տարածքը հանդիսավոր կերպով բացվել էր քիչ ավելի վաղ՝ Դանիայում ԱՄՆ դեսպան Քենեթ Հաուերիի ներկայությամբ։ Գրենլանդական KNR հեռուստաընկությունը հաղորդել է, որ Հաուերին բացման արարողության հյուրերին ասել է, թե Թրամփն այժմ բացառել է Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն սահմանելու համար ուժի կիրառումը և նշել է, որ գրենլանդացիներն իրենք կորոշեն սեփական ապագան։
Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը մերժել էր բացման արարողությանը մասնակցելու հրավերը։
Ավելի վաղ՝ այս շաբաթ, Նիլսենը բանակցություններ էր վարել Գրենլանդիայի հարցերով Թրամփի հատուկ բանագնաց Ջեֆ Լենդրիի հետ, որը դեկտեմբերին իր նշանակումից հետո առաջին՝ չհրավիրված այցն էր կատարել կղզի։ Չորեքշաբթի Լենդրին Ֆրանսպրես գործակալությանը հայտարարել էր, որ ԱՄՆ-ին անհրաժեշտ է ուժեղացնել իր ներկայությունն այդ տարածքում։
Թրամփը բազմիցս հայտարարել է, որ Վաշինգտոնին անհրաժեշտ է վերահսկել Գրենլանդիան ազգային անվտանգության նկատառումներից ելնելով՝ պնդելով, որ հակառակ դեպքում դանիական ինքնավար տարածքը ռիսկի է դիմում հայտնվել Չինաստանի կամ Ռուսաստանի ձեռքում։