
Այսօր վաղ առավոտից Մարտուն Գրիգորյանի թիմի նկատմամբ իրականացված քննչական գործողությունների շրջանակում ձերբակալվել է երկու անձ։ Այդ մասին հայտնեցին պատգամավորի նախընտրական շտաբից։
Շտաբի փոխանցմամբ՝ ձերբակալվածներից մեկը Գյումրու ավագանու անդամ Արտակ Հովսեփյանն է։ Նրանց տեղեկություններով՝ խուզարկություններ են իրականացվել նաև թիմակիցների բնակարաններում, իսկ որոշ դեպքերում իրավապահները քաղաքացիներին կանգնեցրել են ճանապարհին և ուղեկցել քննչական գործողությունների վայրեր։
Շտաբում տեղի ունեցածը գնահատում են որպես քաղաքական ճնշման հերթական դրսևորում՝ նշելով, որ իշխանությունները փորձում են ազդեցություն գործադրել ընդդիմադիր ուժերի և նրանց համակիրների վրա։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն դատարանի որոշմամբ խուզարկություններ էր իրականացրել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանի առանձնատանը և «Առաջարկ Հայաստանին» քաղաքական ուժի նախընտրական շտաբներում՝ նախընտրական բարեգործության արգելքը խախտելու կասկածանքով։ Շտաբից ավելի վաղ հայտնել էին, որ քննչական գործողությունների ավարտին առգրավվել են համակարգիչներ, փաստաթղթեր և աշխատանքային աշխատանքային նոթատետրերը։
Մարտուն Գրիգորյանի թիմակիցները տեղի ունեցողը համարում են քաղաքական բնույթի գործընթաց՝ պնդելով, որ իշխանությունները փորձում են ճնշում գործադրել ընդդիմադիր շրջանակների վրա։ Նրանց գնահատմամբ՝ հատկապես վերջին օրերին Գյումրիում նկատվող քաղաքական ակտիվությունն ու ընդդիմադիր տրամադրությունների աճը դարձել են նման գործողությունների պատճառ։
«Փորձում են վախի մթնոլորտ ստեղծել, սակայն նման մեթոդներով հնարավոր չէ կասեցնել մարդկանց քաղաքական դիրքորոշումը։ Գյումրիում ձևավորվել է իշխանության քաղաքականությանը հակադրվող լայն շրջանակ, և դա արդեն ակնհայտ է բոլորի համար»,- նշում են Գրիգորյանի աջակիցները։