Տիգրանաշեն, Վերին Ոսկեպար, Սոֆուլու-Բարխուդարլու․ ինչ «անկլավներ» է պահանջում Ադրբեջանը և ինչու

Անկլավ բառը հայ հասարակությունն առավել հաճախ սկսեց լսել Արցախյան 44-օրյա պատերազմից հետո։ Ադրբեջանը հայկական երկրորդ հանրապետության տարածքը մասամբ, հետո էլ արդեն ամբողջովին կլանելուց հետո սկսեց առավել ինտենսիվ կերպով բարձրացնել այսպես կոչված անկլավները «վերադարձնելու» հարցը՝ այն ներառելով նաև սահմանազատման գործընթացի քննարկումների շրջանակում։

Նախ հասկանանք, թե ինչ է անկլավը․

Անկլավն օտար պետության սահմանների մեջ գտնվող և այդ պետությանը չպատկանող տարածք է։ Անկլավը կարելի է համեմատել կղզու հետ։ Այս տրամաբանությամբ Ադրբեջանը հավակնություններ ունի Հայաստանի տարածքում գտնվող երեք գյուղերի՝ Արարատում գտնվող Տիգրանաշենի, ինչպես նաև Տավուշում գտնվող Վերին Ոսկեպարի և Սոֆուլու-Բարխուդարլուի նկատմամբ։

Վերջինն այսօր բնակեցված չէ, սակայն կենսական նշանակություն ունի հարակից գյուղերի՝ Դիտավանի, Ազատամուտի, Կայանի և Այգեհովիտի բնակիչների համար։ Նրանք այս տարածքն օգտագործում են անասնապահության և հողագործության նպատակով։ Զուգահեռաբար հայկական մեկ անկլավ էլ՝ Գեղարքունիքի մարզի Արծվաշեն գյուղը, որը այսօր ադրբեջանցիները «Բաշքենդ» են անվանում։ Արծվաշենն ամբողջությամբ շրջապատված է Ադրբեջանով․ 1992 թվականի օգոստոսին ադրբեջանական ուժերը վերահսկողություն հաստատեցին տարածքի նկատմամբ, ինչի հետևանքով բնակիչները տեղահանվեցին Հայաստան։ Չնայած դրան՝ Հայաստանը դե յուրե շարունակում է Արծվաշենը դիտարկել որպես իր տարածք։

Կարևոր է հասկանալ նաև հիշյալ երեք գյուղերի նշանակությունը Հայաստանի Հանրապետության համար․ Տիգրանաշենը (նախկինում՝ Քյարքի) գտնվում է Երևանը Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի հետ կապող կենսական նշանակություն ունեցող ճանապարհի վրա, Վերին Ոսկեպարը՝ Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհի վրա, իսկ Սոֆուլու-Բարխուդարլուն՝ Տավուշի մարզի մի խումբ գյուղեր կապում է իրար։ Այս գյուղերը Խորհրդային միության շրջանում համարվում էին տարածքներ, որոնք վարչականորեն պատկանում էին Ադրբեջանական ԽՍՀ-ին, սակայն ամբողջությամբ շրջապատված էին Հայկական ԽՍՀ տարածքով։

Խորհրդային Միության տարիներին այս հարցը գործնականում խնդիր չէր առաջացնում, քանի որ սահմանները վարչական բնույթ էին կրում և փաստացի բաց էին։ Սակայն ԽՍՀՄ փլուզումից հետո դրանք վերածվեցին միջպետական սահմանային վեճի առարկայի։ Միևնույն ժամանակ, փորձագիտական շրջանակներում հաճախ նշվում է, որ գոյություն չունի մեկ միասնական և անվիճելի խորհրդային քարտեզ, որի հիման վրա հնարավոր կլինի վերջնականապես լուծել այս հարցը։

Տարբեր կողմեր առաջնահերթություն են տալիս տարբեր ժամանակաշրջանների քարտեզների՝ մասնավորապես 1920-ականների, 1970-ականների խորհրդային տոպոգրաֆիկ կամ վարչական քարտեզներին, ինչն էլ լրացուցիչ բարդացնում է գործընթացը։ Այս համատեքստում առավել զգայուն է հատկապես Տիգրանաշենի հարցը, քանի որ այդ հատվածով անցնում է ռազմավարական նշանակություն ունեցող Երևանը Սյունիքի հետ կապող մայրուղին։

Տիգրանաշենի հնարավոր անցումը ադրբեջանական վերահսկողության տակ կարող է լուրջ անվտանգային և լոգիստիկ խնդիրներ ստեղծել՝ հաշվի առնելով, որ այն Հայաստանի հարավը մայրաքաղաքին կապող առանցքային ճանապարհային հանգույցներից է։ Նման սցենարի դեպքում Երևանը ստիպված կլինի ամբողջապես ապավինել այլընտրանքային ճանապարհներին, որոնք կարող են լինել ավելի երկար, ավելի թանկ և անվտանգության տեսանկյունից առավել խոցելի, իսկ նոր ճանապարհի կառուցումն ավելի ծախսատար ու ժամանակատար կլինի։ Տավուշի մարզի դեպքում ռիսկերը հիմնականում վերաբերում են ենթակառուցվածքներին և բնակավայրերի անվտանգությանը։

Վերին Ոսկեպարի, Սոֆուլու-Բարխուդարլուի նկատմամբ ադրբեջանական վերահսկողության հաստատումը կարող է ազդել ներհամայնքային ճանապարհների, գյուղատնտեսական հողերի հասանելիության, ինչպես նաև սահմանամերձ բնակավայրերի անվտանգության վրա, ինչպես նաև վտանգել Վրաստանի հետ հաղորդակցությունը։ Որոշ ճանապարհներ կարող են հայտնվել ադրբեջանական անմիջական վերահսկողության կամ դիտարկման ներքո, ինչը բնակիչների առօրյա տեղաշարժի և տնտեսական գործունեության համար նոր ռիսկեր կստեղծի։

Հենց այստեղ էլ առաջանում է առանցքային քաղաքական և իրավական հարցերից մեկը․ եթե Ադրբեջանը պնդում է նախկին ադրբեջանական անկլավների վերադարձը՝ խորհրդային վարչական սահմանների տրամաբանությամբ, ապա արդյոք նույն սկզբունքը պետք է կիրառվի նաև Արծվաշենի նկատմամբ, մինչդեռ քաղաքական և փորձագիտական շրջանակները թերահավատ են, որ դա տեղի կունենա, Ադրբեջանում ևս տարբեր գործիչներ բացառել են, որ Արծվաշենը կվերադարձվի։

Փորձագետները կարծում են, որ այս հարցերը կարող են լուծվել փաթեթային տրամաբանությամբ, այսինքն՝ ամեն ինչ մնա այնպես, ինչպես հիմա է (Արծվաշենը Ադրբեջանին, Տիգրանաշենը, Վերին Ոսկեպարը, Սոֆուլու-Բարխուդարլուն էլ՝ Հայաստանին), ինչը լավագույն լուծումը կլինի, քանի որ Հայաստանի տարածքում գտնվող երեք գյուղերի ընդհանուր տարածքը մոտավորպես հավասար է Արծվաշենի տարածքին։

Բացի այդ, ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը հիշյալ գյուղերի հետ ուղիղ հաղորդակցություն չունի, ինչը նշանակում է, որ փոխանակման դեպքում պետք է նաև վերջիններիս հետ կապող միջանցքներ ստեղծվեն, ինչն էլ իր հետ անվտանգային նոր մարտահրավերներ կստեղծի։

Չնայած տարածքի հավասարությանը, Ադրբեջանի համար այս հարցն առաջնային է, որպեսզի վերջինս վերահսկողություն ունենա Հայաստանը Վրաստանին և Իրանին կապող ճանապարհների նկատմամբ, ինչն էլ հայկական կողմի նկատմամբ լրացուցիչ ճնշման գործիք կլինի։

Հավելենք նաև, որ վերջին տարիներին այս հարցը վերածվել է ոչ միայն քարտեզների և սահմանների շուրջ վեճի, այլև Հայաստանի անվտանգության, հաղորդակցությունների, սահմանամերձ բնակավայրերի կենսունակության և տարածքային ամբողջականության վերաբերյալ լայն քաղաքական քննարկման թեմայի։

«Անկլավների» վերաբերալ Հայաստանի ներկայիս իշխանությունները, մասնավորապես Նիկոլ Փաշինյանը 2023-2025 թվականներին տարբեր հայտարարություններում նշել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման համատեքստում քննարկվում են նախկին անկլավները փոխանակելու հարցը։

Փաշինյանը նաև հրապարակավ ասել է, որ իրավական հիմքերը դեռ պետք է ուսումնասիրվեն, և վերջնական մոտեցումը պետք է հիմնված լինի սահմանազատման իրավական փաստաթղթերի վրա։

Սակայն այս մոտեցումը քննադատվում է, հատկապես՝ ընդդիմության և տարբեր փորձագետների կողմից։ Նրանց կարծիքով, իշխանության որդեգրած նման դիրքորոշումը կարող է հանգեցնել նրան, որ Տիգրանաշենը, Վերին Ոսկեպարը, Սոֆուլու-Բարխուդարլուն անցնեն Ադրբեջանի վերահսկողության տակ, իսկ վերջինս այդպես էլ չվերադարձնի Արծվաշենը, և Հայաստանը հերթական անգամ մնա ձեռնունայն․․․


Մերի Հակոբյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *