Ռումինիայում հայտնաբերել են հին քաղաքակրթության առեղծվածային մեգակառույց, որը թագավորներ և պալատներ չի ունեցել

Էրլանգենի ևՆյուրնբերգի (Գերմանիա) Ֆրիդրիխ-Ալեքսանդր համալսարանի հնագետները Ռումինիայում հայտնաբերել են Կուկուտեն–Տրիպոլիեի մշակույթին պատկանող անսովոր կառույց, որը կարող է փոխել պատկերացումներն այն մասին, թե ինչպես էին կազմակերպված խոշոր նախապատմական համայնքները՝ առանց ակնհայտ ղեկավարների և սոցիալական հիերարխիայի, գրել է Phys.org-ը։

Խոսքն այսպես կոչված «մեգակառույցի» մասին է՝ մեծ հասարակական շենքի, որը չափերով զգալիորեն գերազանցում է բնակավայրի սովորական տները։

Ռումինիայի հյուսիս-արևելքում գտնվող Ստեուչեն գյուղի մոտ պեղումների ժամանակ հետազոտողները հայտնաբերել են մոտ 350 քառակուսի մետր մակերեսով շինություն, որն ավելի քան երեք անգամ մեծ է եղել շրջակա տներից։ Ընդ որում, բնակավայրը համեմատաբար փոքր է եղել և ունեցել է մոտ 45 բնակարան։ Ավելի վաղ նման մեգակառույցներ հիմնականում հայտնաբերվել էին Ուկրաինայի տարածքում գտնվող հսկայական բնակավայրերում, որտեղ կարող էր ապրել 15-30 հազար մարդ։

Հենց դա էլ նոր գտածոն դարձնում է առանձնապես կարևոր։ Գիտնականները եկել են այն եզրակացության, որ նման շենքերը հայտնվել են շատ ավելի վաղ և օգտագործվել են նույնիսկ փոքր համայնքներում, որտեղ, թվում էր, բարդ կառավարման համակարգ անհրաժեշտ չէր։ Միևնույն ժամանակ, Ստեուչենի մեգակառույցը կառուցվել է բնակավայրի հիմնական մասից ավելի ուշ, ինչը կարող է վկայել համայնքի սոցիալական կազմակերպման փոփոխության մասին արդեն դրա հիմնադրումից հետո։

Կուկուտեն–Տրիպոլիեի մշակույթի բնակավայրերը վաղուց են հետաքրքրում հնագետներին։ Դրանցից շատերը կառուցվել են խիստ երկրաչափական հատակագծերով՝ տները դասավորված էին օղակներով կամ զուգահեռ շարքերով՝ դրանց միջև լայն անցումներով։ Սակայն հնագետները մինչ օրս չեն գտել կենտրոնացված իշխանության նշաններ՝ ոչ պալատներ, ոչ խոշոր պահեստարաններ, ոչ էլ կառավարման ակնհայտ կենտրոններ։ Սա անսովոր է թվում այնպիսի հասարակությունների համար, որտեղ միաժամանակ կարող էին ապրել հազարավոր մարդիկ։

Մեգակառույցներն այն սակավաթիվ հնարավոր հուշումներից են, որոնք կարող են բացատրել, թե ինչպես էին գործում նման համայնքները։ Սակայն դրանց ճշգրիտ նշանակությունը դեռևս անհայտ է։

Նոր գտածոն ցույց է տալիս, որ այդ շենքերը կառուցվել են հատուկ տեխնոլոգիայով․ հատակի տակ հնագետները հայտնաբերել են զանգվածային սյուներ և կառուցվածքը շրջապատող հիմքային խրամ։ Սա ցույց է տալիս, որ մեգակառույցը հատուկ նշանակություն է ունեցել բնակավայրի համար։

Միևնույն ժամանակ, շենքի ներսում զարմանալիորեն քիչ արտեֆակտներ են հայտնաբերվել։ Հնագետները գտել են կերամիկայի բեկորներ, քարե մնացորդներ, ածխացած հատիկներ և սև բելենայի սերմեր, որը հոգեակտիվ հատկություններ ունեցող բույս է։ Սակայն գտածոները գրեթե չէին տարբերվում սովորական տներում հանդիպողներից։ Այդ պատճառով հետազոտողները դեռ չեն կարող հստակ ասել՝ շենքն օգտագործվել է որպես ժողովների վա՞յր, ծիսական կենտրո՞ն, թե՞ համատեղել է երկու գործառույթն էլ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *