
Երեկ տեղեկացանք, որ Մոնումենտի առանձնատների գործով, որն արդեն 8 տարի քննվում է, մեղադրանքներ են առաջադրվել Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանին, Երեւանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության նախկին պետ Գագիկ Մազմանյանին, քաղաքապետարանի ճարտարապետության ու քաղաքաշինության վարչության նախկին պետ Արսեն Լալայանցին, ինչպես նաեւ՝ Երեւանի քաղաքապետի նախկին առաջին տեղակալ Կամո Արեյանին, որը մինչ օրս աշխատում է քաղաքապետարանում եւ սերտորեն համագործակցում է ՔՊ-ական իշխանությունների հետ:
Մայիսի 21-ին ԱԺ-ում՝ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հարցրել են Մոնումենտի առանձնատների գործի մասին, եւ նա ասել է, որ մինչեւ տարեվերջ դրա հետ կապված նորություններ ենք ունենալու: «Ունենք ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցերով դրվագներ, որտեղ այդ թվում այս առանձնատները պահանջում ենք որպես ապօրինի գույք։ Եվ մյուս ուղղությունը 2018 թվականին նախաձեռնված եւ մինչ օրս Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթն է, որով մենք այս տարի պլանավորում ենք, որ հանրությանը կիրազեկենք որոշակի առաջընթացի մասին։ Կարծում ենք, որ մինչեւ այս տարվա վերջ նաեւ քրեական վարույթով կունենանք առաջընթաց։ Մի շարք անձանց վերաբերյալ, որոնք այս տարածքներում ունեն առանձնատներ, մենք ապօրինի գույքի բռնագանձման հայցերն ուղարկել ենք դատարան»,- ասել է Վարդապետյանը:
Վարույթի նյութերը վերաբերում են 2003-2009 թվականներին: Ըստ դատախազության, այն ժամանակվա քաղաքապետ Երվանդ Զախարյանն Ազատության պողոտայի եւ Բաբայան փողոցի հատման մասում գտնվող 6000 քմ կանաչ տարածքը վաճառել է «Հայրենիք-Սփյուռք կամուրջ» ՀԿ-ին եւ եւս 6000 քմ, կրկին ուղիղ վաճառքով, օտարել է «Սուրբ Լազար» առողջապահական ՀԿ-ին, սակայն դրանք օտարման ենթակա չեն եղել: Նշվում է հողերի կադաստրային արժեքը՝ 197 միլիոն 712 հազար դրամ: Հետաքրքիր է, որ 2000-ականների սկզբին վերաբերող գործողությունների վերաբերյալ վարույթ է հարուցվում 2018 թվականին, 2026 թվականի ապրիլի վերջին էլ նոր մեղադրյալներ են ներգրավվում՝ ԱԺ ընտրություններից մոտ մեկ ամիս առաջ, այն դեպքում, երբ դատախազությունը քաջատեղյակ էր ապօրինություններից: Դեռ 2019-ին նույն Երվանդ Զախարյանին եւ քաղաքաշինության վարչության նախկին պետ Արսեն Լալայանցին մեղադրանքներ էին առաջադրվել «Հաղթանակ» զբոսայգու 10 հազար քառակուսի մետր տարածքն օտարելու գործով: Ու հանկարծ 7-8 տարի անց նորից գործը հանել են դարակներից:
Այս վարույթը Հատուկ քննչական ծառայությունը ժամանակին վարում էր լիարժեք գաղտնիության պայմաններում, եւ այն, փաստորեն, քնեցված վիճակում էր: Մեր աղբյուրներից որոշ տեղեկություններ պեղեցինք վարույթի վերաբերյալ: Արաբկիր համայնքի անտառային նշանակության այս տարածքը Երեւան քաղաքից խլվել է մայրաքաղաքի զարգացմանը միտված ներդրումային ծրագիր իրականացնելու անվան տակ։ ՀԿ-ները հողերը գնել են կադաստրային արժեքով ու վաճառել շուկայական գներով։ Այս պայմաններում հետագա գնորդներից ոչ մեկն օրենքով բարեխիղճ գնորդ չի կարող համարվել։ «Ներդրողներին», որոնք մի քանի կազմակերպություն են եղել, Մոնումենտ թաղամասում, Բաբայան փողոցում չնչին գներով տարածքներ են տրամադրվել։ Կեղծ աճուրդներ են կազմակերպվել, ներդրված կեղծ գնորդների միջոցով փոխել են հողերի նպատակային նշանակությունը, հողային օրենսդրության խախտումներ են թույլ տրվել, հողի կրկնակի վաճառք է իրականացվել։ Հողերի փոխանցման սխեման այնքան բարդ է, այնքան անձինք են ներգրավված դրանում՝ հայտնի եւ անհայտ, որ գործով զբաղվող քննիչները «քարտեզագրել» են այն, որպեսզի լավ պատկերացնեն, թե ով ում եւ ինչ գներով է վաճառել ու վերավաճառել այդ հողերը:
Ինչո՞ւ են 2000-ականներին վերաբերող գործով, որը քննության առարկա է 2018-ից, հիմա միայն մեղադրանք առաջադրում, քննությունն է ակտիվանում: Դատախազությունից այս հարցին չեն պատասխանում: Դժվար չէ նկատել, որ սա ՀՀ գլխավոր դատախազության գործելաոճն է՝ գործերը հարուցել, դնել դարակում, պետք եղած պահին՝ քաղաքական հանձնարարությամբ հանել ու դնել մարդկանց առաջ: Այսպես է արվել նաեւ Անդրանիկ Թեւանյանի աբսուրդային գործով:
Ըստ Քննչական կոմիտեի՝ Անդրանիկ Թեւանյանը, «2024 թվականի ընթացքում հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, … ապօրինի կերպով հավաքել եւ առանձնապես խոշոր չափերի՝ 622 հազար ԱՄՆ դոլար գումարի դիմաց վերջինիս է փոխանցել պետական գաղտնիք պարունակող՝ 2024 թվականի ապրիլին ԱԺ փակ, գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ ռուսերեն թարգմանված տեղեկություններ»: Թեւանյանն արձագանքեց, թե այդ ժամանակ ինքը չի եղել պատգամավոր՝ չէր կարող ԱԺ փակ նիստին մասնակցել եւ տեղեկություններ փոխանցել երրորդ անձին. ՔԿ-ն էլ պատասխանեց, թե Թեւանյանն ապօրինի կերպով է հավաքագրել նիստի նյութերը, ասել կուզի՝ նիստին մասնակցած մեկն է նրան փոխանցել այդ տեղեկությունները: Բայց հարց է առաջանում. ինչո՞ւ է 2024 թվականին կատարված արարքով այսօր միայն գործ հարուցվում: Ռուսաստանը նախկինում բարեկամական երկիր էր, որի հետ առնչությունը չէր կարող ընկալվել որպես լրտեսություն, հիմա քաղաքական վեկտորը բացահայտ փոխվել է, ընտրություններն էլ մոտ են, եւ քաղաքական ընդդիմությանը վարկաբեկելու համար բոլոր մեթոդներն էլ պիտանի են: Իսկ թե ինչ են ՔԿ-ն ու դատախազությունը գրում իրենց հաղորդագրություններում, էական չէ: Կարեւորը՝ ճիշտ ժամանակին վարույթներ հարուցեն ու ժամանակին էլ մոռանան դրանց մասին: