ՌԴ-ում դադարեցրել են ՀՀ-ից ներկրված մի քանի ալկոհոլային խմիչքի վաճառքը

Ռոսպոտրեբնադզորը հայկական արտադրության անորակ ալկոհոլային արտադրանք է հայտնաբերել և դադարեցրել է դրա իրացումը ռուսական շուկայում։ Լուրը հրապարակվել է գերատեսչության կայքում։

«Պարտադիր պահանջներին չհամապատասխանող արտադրանքի իրացումը թույլ չտալու նպատակով առևտրային ձեռնարկություններին և ներմուծողներին տեղեկացվել է Հայաստանից մատակարարված անորակ ալկոհոլային արտադրանքի իրացումը կասեցնելու և շրջանառությունից հանելու մասին», – ասված է հաղորդագրության մեջ:

Խոսքը «Վեդի Ալկո»-ի, Աբովյանի կոնյակի գործարանի և «Շահնազարյան» գինու-կոնյակի տան արտադրանքի մասին է։
Գերատեսչությունից հստակեցրել են, որ խախտումները վերաբերում են «Գետափ Վերնաշեն» կարմիր կիսաքաղցր գինուն, «Վեդի Ալկո» խարջի, T3 «Լեգենդներ ARNI» սովորական սորտային սպիտակ չոր գինուն։

Ցածրորակ ապրանքների ցանկում է նաև «Հայկական կոնյակ 5 տարեկան» («ԱԲՈՎՅԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՍՊԸ-ի արտադրանք) խմիչքը: Բացի այդ, անհամապատասխանություն է հայտնաբերվել «Շահնազարյան գինու և կոնյակի տուն» ՍՊԸ-ի արտադրած 7 տարեկան «ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ XO» կոնյակում։

Հիշեցնենք` Ռոսսելխոզնադզորը մայիսի 22-ից ժամանակավորապես սահմանափակել է նաև ծաղկային արտադրանքի ներմուծումը Հայաստանից:

Երեկ էլ հայտնի դարձավ, որ ՌԴ-ում կասեցվել է «Ջերմուկ» հանքային ջրի ներկրումն ու շրջանառությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *