Կոլումբիայում բնիկ ժողովուրդների խմբերի միջև հողային արյունալի վեճի հետևանքով 7 մարդ է զոհվել, ավելի քան 100-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ Այս մասին հայտնում է «AFP» գործակալությունը:
Միսակ և նասա ժողովուրդների միջև բախումը տեղի է ունեցել հինգշաբթի օրը՝ Կոլումբիայի հարավ-արևմուտքում գտնվող անհանգիստ Կաուկա տարածաշրջանում:
Տեղական իշխանությունների տվյալներով՝ զոհվածներից չորսը միսակ ժողովրդի ներկայացուցիչներ են, երկուսը՝ նասա, իսկ ևս մեկ հոգու մարմին դեռևս չի նույնականացվել:
Տարածաշրջանի նահանգապետի մամուլի քարտուղարը հայտնել է, որ 110 մարդ է վիրավորվել։ Նշվում է, որ Միսակ համայնքի անդամները ողբագին արտասվել են, երբ նրանց է հանձնվել համայնքի առաջնորդ և Սիլվիա մունիցիպալիտետի գյուղական շրջանում բնիկների արգելոցի ղեկավար Լուիս Էնրիկեի մարմինը:
Սոցիալական ցանցերում տարածվող տեսանյութերում պատկերված են դաժան բախումներ՝ փայտերի ու քարերի կիրառմամբ, գետնին արնաշաղախ մարմիններ են ընկած, իսկ որոշ տղամարդկանց ձեռքին որսորդական հրացաններ կան:
Բանակը զորքեր է տեղակայել այդ տարածքում: Կաուկայի բնիկ ժողովուրդների հողերում ծաղկում են կոկայի ապօրինի պլանտացիաները, և այս տարածաշրջանը պարբերաբեր դառնում է մարդկանց առևանգումների ու պարտիզանական խմբավորումների հարձակումների թիրախ:
Թեև Կոլումբիայում բնիկ ժողովուրդների միջև տարածքային վեճերը սովորական երևույթ են, դրանք հազվադեպ են ավարտվում մահացու ելքով բախումներով: