
«Հրապարակի» զրուցակիցն Ուկրաինայի նախագահին առընթեր Ռազմավարական հետազոտությունների ազգային ինստիտուտի (ՌՀԱԻ) արտաքին հետազոտությունների կենտրոնի նոր մարտահրավերների բաժնի ղեկավար Ելենա Բորդիլովսկան է։
– Ռուս-ուկրաինական պատերազմի հարցով բանակցությունները վերջին ամիսներին փակուղի են մտել․ գլոբալ պատճառը Իրանի դեմ ռազմական արշավն էր, Մերձավոր Արեւելքում ստեղծված պատերազմական իրավիճակը։ Հիմա այլ դրություն է, կողմերը հարաբերական հրադադարի մեջ են։ Սա հիմք տալի՞ս է, որ բանակցությունները վերսկսվեն։
– Ինչ վերաբերում է ռուս-ուկրաինական խաղաղ բանակցությունների գործընթացին, ես դա ուղիղ կախվածության մեջ չէի դնի այն բանի հետ, ինչը կատարվում է Իրանի շուրջ, որովհետեւ հրադադարն այնտեղ բավականին անկայուն է, իրավիճակն անորոշ է, պարբերաբար այս կամ այն կերպ շարունակվում են ռազմական գործողությունները։ Եվ Ուկրաինան հազիվ թե այդպես ուժեղ կախում ունենա այն ամենից, ինչը կատարվում է այնտեղ։ Անկախ այն բանից, թե Իրանի շուրջ ստեղծված իրավիճակից, մենք Ուկրաինայում չափազանց թերահավատորեն ենք վերաբերվում որեւէ միջնորդի միջոցով մոտ ապագայում Ռուսաստանի հետ բանակցությունների վերսկսման հնարավորությանը։ Մենք անվստահությամբ ենք ընդունում ցանկացած առաջարկ, առավել եւս՝ երբ ԵՄ-ի կողմից հավանական բանակցողի կարգավիճակում նշվում են այնպիսի գործիչների անուններ, ինչպիսիք են Գերմանիայի նախկին կանցլերներ Գերհարդ Շրոյդերն ու նույնիսկ Անգելա Մերկելը։ Դա մեզ համար գործնականում ծիծաղելի է։ Ինչպես են դրան վերաբերվում եվրոպացիները, դա եւս քաջ հայտնի է։ Բնականաբար, դա պետք է լինի եվրոպական գործող քաղաքական գործիչ, որն իրապես ուժեղ արտահայտում է Եվրոպայի դիրքորոշումը, այլ ոչ թե մեկը, որը ՌԴ-ի ազդեցության տակ է կամ երբեւէ լավ հարաբերություններ է ունեցել Ռուսաստանի հետ։ Հետեւաբար այն, ինչ վերաբերում է խաղաղ բանակցություններին, Ուկրաինայում այժմ մեծ թերահավատություն է առաջացնում, անկախ նրանից՝ ԱՄՆ-ն Իրանի հետ կապված դադա՞ր է վերցնում, թե՞ ոչ։ Մենք չենք տեսնում, որ ՌԴ-ն բանակցելու ցանկություն ունի, հատկապես՝ վերջին հարձակումներից եւ Ուկրաինայի տարբեր քաղաքներում բազմաթիվ զոհերից հետո։ Բայց եթե իրապես տեսնենք Ռուսաստանի կողմից նման իրական ցանկություն, ինչպես նաեւ՝ ԵՄ-ի կողմից նորմալ բանակցողի, իհարկե՝ մենք պատրաստ ենք։
– Խաղաղ կարգավորման վերաբերյալ պայմանավորվածություններ չկան, քանի որ Զելենսկին տարածքային զիջումների չի գնում, ասված է Պենտագոնի գլխավոր տեսուչի զեկույցում։ Փաստորեն, ԱՄՆ-ն Կիեւին մեղադրում է տարածքային զիջումների չգնալու մեջ։ Սա դաշնակցի կողմից ողջամի՞տ պնդում է, չէ՞ որ խոսքը նման ցավոտ հարցի մասին է։
– Ինչ վերաբերում է տարածքային հարցերին, բնականաբար, ինչ-որ մեկին դա դուր է գալիս, ինչ-որ մեկին՝ ոչ, բայց դա մեզ համար սկզբունքային հարց է։ Ինչո՞ւ մենք պետք է զիջենք մեր տարածքները, հատկապես՝ հիմա, երբ Ռուսաստանը հսկայական կորուստներ է կրում, փաստորեն, ոչ մի հաջողություն չունի ռազմաճակատի տարբեր հատվածներում, նոր քաղաքներ չի գրավում, եւ գյուղերի մասին էլ հազվադեպ է խոսք գնում։ Ինչո՞ւ պատերազմի այս փուլում, երբ Ուկրաինան գտնվում է բավականին ուժեղ դիրքում, մենք պետք է հանձնենք մեր տարածքները։ Դա կարող է դուր չգալ Պենտագոնին, Թրամփին, որեւէ այլ մեկի, բայց մեր այս դիրքորոշումը հստակ է ու հասկանալի։
– Ուկրաինայի նախագահը նշել է, որ ձեր համար թիվ մեկ առաջնահերթությունը հակահրթիռային պաշտպանությունն է։ Զելենսկին նաեւ հույս է հայտնել, որ Ուկրաինան կհամագործակցի եվրոպացի գործընկերների հետ համատեղ հակահրթիռային համակարգի հարցում։ Ուրիշ ի՞նչ առաջնահերթություններ կարող եք մատնանշել, եւ ի՞նչ է արվում այդ ուղղություններով։
– Ինչ վերաբերում է եվրոպացի մեր դաշնակիցների օգնությանը, ապա՝ այո, մեզ համար ՀՕՊ-ը կարեւոր է, որովհետեւ, ինչպես ասացի, Ռուսաստանը շարունակում է հարվածներ հասցնել Ուկրաինայի քաղաքներին, եւ դա իսկապես առաջնահերթություն է մեզ համար՝ պաշտպանելու մեր երկրի խաղաղ բնակչությանը, եւ հարցը նույնիսկ ռազմաճակատի մասին չէ։ Մենք, իհարկե, շնորհակալ կլինենք նման աջակցության համար, եւ մեզ, առհասարակ, հետաքրքրում է ցանկացած ռազմական օգնություն․ ե՛ւ արկեր, ե՛ւ հետախուզական տվյալներ, ե՛ւ արհեստական բանակցության ասպարեզում համագործակցություն, որն այժմ բավականին ակտիվացել է ոչ միայն եվրոպացի, այլեւ ամերիկացի գործընկերների հետ, եւ դա մեզ մեծապես օգնում է մեր պայքարի ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ, ցավոք սրտի, Բելառուսի տարածքից այսօր եկող սպառնալիքների չեզոքացման հարցում։
– Մայիսի 9-11-ը, Հաղթանակի օրվա կապակցությամբ, Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ եռօրյա հրադադար հաստատվեց, նաեւ պայմանավորվածություն եղավ ռազմագերիների փոխանակման շուրջ՝ 1000-ը 1000-ի դիմաց ձեւաչափով։ Հիմա էլ Զելենսկին առաջարկել է, այսպես կոչված, «օդանավակայանային հրադադար» հաստատել։ Ի՞նչ է դա եւ արդյո՞ք հրադադարների այս ինտենսիվությունը կարող է մոտեցնել բաղձալի խաղաղությանը։
– «Օդանավակայանային հրադադարի» մասին ես, ցավոք սրտի, որեւէ բան չեմ կարող ասել, չգիտեմ՝ դա ինչ նախաձեռնություն է, ինչ կերպ կարող է դրսեւորվել, որովհետեւ Ուկրաինայի օդանավակայանների բացման մասին ժամանակ առ ժամանակ խոսակցություններ լինում են, հարցը երբեմն արդիական է դառնում, բայց մոտ ապագայում մենք չենք տեսնում, որ դա կարող է իրականացվել մշտական օդային հարվածների եւ առկա սպառնալիքների պայմաններում։ Դժվար թե դա հնարավոր լինի։