Գրեթե 22 տարի անազատության մեջ գտնվելուց հետո ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել. դատարանը որոշում է կայացրել բավարարել պայմանական վաղաժամկետ ազատ արձակման միջնորդությունը. գրում է Factor.am-ը։
Երկու տասնամյակից ավելի դատապարտյալը հայտարարում է, որ անմեղ է, որևէ առնչություն չունի իրեն վերագրվող սպանության հետ։
2003 թվականին բանակ զորակոչվելուց հետո 18-ամյա Արթուր Քոչարյանն այդպես էլ տուն չէր վերադարձել․ զորացրվելուց ընդամենը վեց ամիս առաջ զորամասում տեղի ունեցած սպանությունը վերագրվել էր Քոչարյանին և նրա երկու ծառայակիցներին։
Նշենք՝ Հայաստանում 2018 թվականից ի վեր ընդամենը 7 ցմահ դատապարտյալ է պայմանական վաղաժամկետ ազատ արձակվել։ 2018 թվականին առաջին անգամ Կարեն Օգանեսյանի մասով էր դատարանը բավարարել դիմումը և հենց նիստերի դահլիճից ազատ արձակել ցմահ դատապարտյալին։ Նույն թվականի դեկտեմբերին պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունների հիմքով դատարանը բավարարել էր «Արթիկ» ՔԿՀ-ում պահվող Վահագն Մարուքյանի՝ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման միջնորդությունը։ 2020 թվականի հունվարին «Արմավիր» ՔԿՀ-ի ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանն էր պայմանական վաղաժամկետ ազատ արձակվել։ Դատարանը հաշվի էր առել դատապարտյալի պատշաճ և դրական վարքագիծը։
Այս մանրամասներ՝ սկզբնաղբյուրում։