Վրաստանում հայտնաբերվել է Պետական անվտանգության ծառայության հակակոռուպցիոն գործակալության աշխատակցի դին՝ հրազենային վնասվածքով

Այսօր Խաշուրի քաղաքի Տաբիձե փողոցում գտնվող սեփական մեքենայի մեջ մահացած են գտել Հակակոռուպցիոն գործակալության աշխատակցին։ Նա մահացել է իրեն պատկանող հրազենից ստացված վնասվածքից։ Այս մասին, հղում անելով երկրի Գլխավոր դատախազությանը, հայտնում է «Գրուզիա Online»-ը։

Գերատեսչության տվյալներով՝ Պետական անվտանգության ծառայության Հակակոռուպցիոն գործակալության աշխատակցի մահվան փաստով Շիդա Քարթլիի և Մցխեթա-Մթիանեթիի շրջանային դատախազության քննչական վարչությունը հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածով (ինքնասպանության հասցնելը)։

«Իրականացվում են համապատասխան անհետաձգելի քննչական գործողություններ», — նշում է դատախազությունը։

Ավելի ուշ հայտարարություն է տարածել նաև Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ)։ Գերատեսչությունը խորին ցավակցություն է հայտնել Հակակոռուպցիոն գործակալության աչքի ընկնող, արժանավոր ու պրոֆեսիոնալ աշխատակցի մահվան կապակցությամբ և կարեկցանք արտահայտել զոհվածի ընտանիքին ու հարազատներին։

«Նրա մահը մեծագույն ողբերգություն ու կորուստ է մեզ և մեր ծառայության համար», — հավելել են ՊԱԾ-ից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *