
Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմակիցներն ամենօրյա ռեժիմով հարձակվում են արցախցի փախստականների վրա, նրա աջակիցները խախտում են կանանց իրավունքները՝ թիրախավորելով նրանց երեխաներին, վիրավորելով արժանապատվությունը, իշխանությունը համատարած վարչական ռեսուրս է օգտագործում, հարյուրավոր եւ հազարավոր կանանց, երեխաների՝ իրենց կամքին հակառակ, բռնի քշում են Փաշինյանի հավաքներին՝ որպես գլխաքանակ, եւ ի՞նչ է անում այդ նույն ժամանակ մարդու իրավունքների պաշտպան աշխատող Անահիտ Մանասյանը: Իհարկե՝ անատամ, ընդհանուր բնույթի եւ ոչինչ չասող հաղորդագրություններ է տարածում՝ հավասարության նշան դնելով հանցագործի եւ զոհի միջեւ, դրանով մեղսակից եւ մասնակից դառնալով հանցագործության իրականացմանը:
Արդյո՞ք Մանասյանը կարդացել է ՀՀ Սահմանադրությունը եւ ընդհանրապես գիտի, թե ինչ է նշանակում մարդու իրավունքներ, որովհետեւ, եթե դու մի բան պետք է պաշտպանես, նախ պետք է պատկերացում ունենաս դրա մասին, պետք է իմանաս, թե ինչն ես պաշտպանում: Թող գոնե մի անգամ բացի Սահմանադրությունը, կարդա դրա 3-րդ հոդվածի առաջին պարբերությունը` «Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների եւ ազատությունների անքակտելի հիմքն է»: Պարզ գրված է, չէ՞․ արժանապատվությունը մարդու իրավունքի անքակտելի մասն է, երբ արցախցի փախստականին մեղադրում են փախչելու կամ չմեռնելու մեջ, երբ Փաշինյանը սպառնում է ընդդիմության առաջնորդներին սատկացնել կամ սեռական օրգանները կտրել, դրա մեջ արժանապատվության կոպիտ խախտում չկա՞։ Երբ կին լրագրողից փաշինյանական քարոզիչը կամ ակտիվիստը պահանջում է նշել իր երեխայի հոր անունը, արդյո՞ք դա կնոջ արժանապատվության կոպիտ խախտում չէ: Իսկ ի՞նչ արեց մարդու իրավունքների պաշտպան կոչեցյալը: Ահա մի հատված 3 օր առաջ նրա տարածած հայտարարությունից. «Ամենօրյա ռեժիմով արձանագրվում են մի շարք դեպքեր, երբ քաղաքական բանավեճը տեղափոխվում է փոխադարձ վիրավորանքի, թշնամանքի, անհանդուրժողականության եւ հանրային պառակտման վտանգավոր դաշտ։ Նման խոսույթը խորացնում է հասարակական բեւեռացումը, խաթարում հանրային համերաշխությունը եւ վտանգում խաղաղ համակեցության մթնոլորտը»։ Այս տեքստից դուք հասկանո՞ւմ եք, թե ով է ում վիրավորել, ով է վիրավորանք, թշնամանք կամ անհանդուրժողականություն տարածողը եւ ով՝ զոհը: Երբ կոչն անհասցե է, երբ դու մատնացույց չես անում վիրավորողին, չես դատապարտում կոնկրետ անձի կամ կազմակերպության գործունեություն, դա ոչ միայն անիմաստ է, այլեւ՝ խիստ վտանգավոր, որովհետեւ դրանով դու զոհի եւ հանցագործի միջեւ հավասարություն ես դնում, խախտում ես զոհի պաշտպանված լինելու իրավունքը՝ փոխանակ այն պաշտպանելու:
Իշխանությունը, օգտագործելով իր ողջ պատժիչ մեքենան, հարձակվել է հասարակության վրա, ընդդիմության բազմաթիվ ներկայացուցիչներ կալանավորված են, մարդիկ իրենց քաղաքական հայացքների համար ենթարկվում են ամենատարբեր հալածանքների, մարդուն միայն Փաշինյանի պաստառը պոկելու համար կալանավորում են, հետո՝ հոգեկան հիվանդ հռչակում, ապա՝ հասցնում ինքնասպանության։ Եվ ի՞նչ է ասում այդ ժամանակ մարդու իրավունքների պաշտպան աշխատող Անահիտ Մանասյանը․ ասում է` ինձ վրա հույս չդնեք, ես այդ ամենի հետ կապ չունեմ, մարդու կյանքի, արժանապատվության, ընտրական իրավունքի բռնաբարումն ինձ հետ որեւէ կապ չունի: Նրա հարցազրույցն այլ տպավորություն չի թողնում. «Որեւէ դերակատար մարդու իրավունքների պաշտպանին ընտրությունների ժամանակահատվածում կամ նախընտրական փուլում չպետք է դիտարկի որպես ընտրությունների կամ ընտրությունների օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին եւ ոչ էլ ընտրությունների մշտադիտարկում իրականացնող մարմին: Մարդու իրավունքների պաշտպանը ընտրությունների ժամանակահատվածում, նախընտրական փուլում, հետընտրական փուլում, այո, ունի գործառույթներ, բայց դրանք պայմանավորված են բացառապես այդ գործընթացներում իրավունքների պաշտպանության ու խթանման մեխանիզմների հետ եւ, բնականաբար, չեն էլ կարող համընկնել այլ մարմինների լիազորություններին, որովհետեւ, օրինակ, հաճախ կարծիքներ են արտահայտվում, որ այս դեպքում դուք պետք է արձանագրեիք վարչական ռեսուրսի չարաշահում կամ պիտի հստակ զբաղվեիք պաստառների հետ կապված տարբեր խնդիրներով, նախընտրական քարոզչության ժամանակահատվածում, որոնք, ըստ էության, դասական առումով մարդու իրավունքների պաշտպանի լիազորություն չեն, դրանց համատեքստում կարող են լինել հարցեր, որոնք վերաբերելի լինեն պաշտպանի գործիքակազմին»: Այսինքն, եթե մարդու ընտրելու կամ ընտրվելու իրավունքը խախտվի, դրա հետ Մանասյանը կապ չունի:
Իսկ ի՞նչն է վերաբերելի պաշտպանի գործիքակազմին: Մանասյանին թվում է, թե ինքը բարոյախրատական տեքստեր կամ կենաց արտասանող է, մանկապարտեզի դաստիարակ է, որ երեխաներին հանդարտության եւ խելոք խաղալու կոչ է անում՝ մոտավորապես այսպիսի ողորմելի տեքստեր արտասանելով. «Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում քաղաքական բոլոր ուժերին, նրանց ներկայացուցիչներին, պաշտոնատար անձանց եւ հանրային գործիչներին՝ դադարեցնել վիրավորանք, անհանդուրժողականություն եւ բռնություն քարոզող խոսքի ցանկացած դրսեւորում, բացառել հասարակությունը բեւեռացնող եւ լարվածությունը խորացնող խոսույթի տեսակները, իսկ քաղաքական պայքարը կառուցել բացառապես ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների եւ փոխադարձ հարգանքի հիման վրա»։ Լավ է՝ չի գրել՝ բոլոր քաղաքական ուժերին, բացառությամբ ՔՊ-ի:
Մարդու իրավունքների պաշտպանը պետք է լինի խիզախ եւ ըմբոստ մեկը, որը պետք է ունենա այնքան բարոյական հեղինակություն, որ չվարանի իշխանության եւ նրա ղեկավարի դեմքին ասելու այն, ինչ մտածում է նրանց գործողությունների մասին, եւ ինչո՞ւ հենց իշխանության․ որովհետեւ մարդու իրավունքները խախտվում են առավելապես իշխանության ներկայացուցիչների եւ ոչ թե «բոլոր քաղաքական ուժերի» կողմից, ինչպես ասում է Մանասյանը: ՄԻՊ-ը նախ ինքը պետք է ունենա արժանապատվություն, կարողանա պաշտպանել սեփական արժանապատվությունը, որ հետո էլ կարողանա պաշտպանել այլոց արժանապատվությունն ու իրավունքները: Մի՞թե կարելի է բացարձակ իրավունքներ չունեցող ստրուկին նշանակել իրավունքի պաշտպան եւ նրանից իրավունքի պաշտպանություն ակնկալել: