Նիկոլն ո՜ւր, սիրունիկ, նախշուն կաքավիկն ո՜ւր…

Կարծես թե քարոզչության ընթացքում սպառնալիքներով ու հայհոյանքներով ձևավորված մթնոլորտում լրագրողների աչքից վրիպեց Նիկոլի՝ «սիրունիկ, սիրունիկ, սիրունիկ, նախշուն կաքավիկ» լինելը: Այնինչ, հուշագիրների կողմից հենց դա պետք է որ հետագայում ներկայացվի որպես Նիկոլի իրական կերպարը: Եթե, իհարկե, ինքը, նախ վերարտադրվի: Եվ երկրորդ, Հայաստանը շարունակի գոյություն ունենալ որպես պետություն: Բայց թե ինչ աստիճանի ինքնիշխան՝ այլ հարց է:

«Հրապարակ»-ի ընթերցողների զարմանքն անմիջապես փարատեմ՝ հայտնելով, որ նախորդ օրը Նոր Նորքում Նիկոլի քարոզչության ընթացքում ինչ-որ ջահել կին գրկախառնվել է Նիկոլի հետ: Նրան մոտեցել է՝ երգելով Կոմիտասի «Կաքավի գովքը» երգը՝ գրված Հ. Թումանյանի համանուն ոտանավորի հիման վրա: Եվ գրկախառնությունից առաջ շեշտել է «Սիրունիկ, սիրունիկ, նախշուն կաքավիկ» կրկներգը: Այսինքն, այդ կնոջ կարծիքով վարչապետի աթոռից կառչած անձը «սիրունիկ, նախշուն կաքավիկ» է:
Դա մի փոքր զարմանալի էր, քանի որ Նիկոլին մենք արդեն գիտեինք որպես «դուխով», այնուհետև «հզոր» և ի վերջո «մեծարգո» վարչապետ: Չնայած կյանքը բացահայտեց, որ Նիկոլը ո՛չ դուխով է և ո՛չ էլ հզոր: Նա ընդամենը խայտառակ պարտության խորհրդանիշ է: Իսկ այդպիսի անձինք, ոնց քցես, բռնես, մեծարգո կոչվել ուղղակի չեն կարող: Ու հիմա էլ ինքը «դարձավ» սիրունիկ, նախշուն կաքավիկ: Բայց, ինչպես ասում են, անքննելի են Աստծո գործերը: Եվ այդ կնոջ սրտում էլ նիկոլանման մեկը կարող էր պատկերանալ հենց այդպիսին:

Այնպես որ, մեծ հաշվով, չենք կարող ինչ-որ բան ասել այդ առումով: Կան, օրինակ, մարդիկ, ովքեր իրենց համարում են Նապոլեոն, ոմանք՝ Ալեքսանդր Մեծ: 14-րդ և 15-րդ դարամիջում էլ Ֆրանսիայի Շառլ VI Վալուա թագավորն, օրինակ, «պատրաստված» էր, իր արքայական կարծիքով, ապակուց: Եվ վախենում էր շարժվել, քանի որ կարող էր կոտրվել: Իսկ Բավարիայի արքայադուստր Ալեքսանդրան (19-րդ դար) համոզված էր, որ մանկության տարիներին կուլ է տվել ապակե ռոյալ։ Նա սենյակներից ներս էր մտնում միայն կողքանց՝ վախենալով, որ գործիքը կհարվածի դռան փեղկերին ու կջարդվի իր ներսում։

Ավելի արտառոց դեպքեր էլ են տեղի ունեցել: Միջնադարում ֆրանսիական վանքերից մեկում միանձնուհիներից մեկը հանկարծ սկսել է կատվի պես մլավել։ Կարճ ժամանակ անց վանքի բոլոր միանձնուհիները միացել են նրան: Ու սկսել են օրական մի քանի ժամ միասին մլավել, ինչը, բնականաբար, սարսափեցրել է շրջակա գյուղերի բնակիչներին։ Այդ աննորմալ իրավիճակը վերացել է միայն այն ժամանակ, երբ վանք են հրավիրվել զինվորներ: Ու նրանք սպառնացել են մտրակել միանձնուհիներին։
Իտալիայի հարավում մի ժամանակ մարդիկ հավատում էին, որ իրենց կծել է տարանտուլ սարդը։ Նրանք ընկնում էին տրանսի մեջ և հավատում, որ թույնից չմեռնելու միակ միջոցը հատուկ, արագ երաժշտության տակ (որն այսօր հայտնի է որպես Տարանտելա պար) ժամերով պարելն ու ցատկոտելն է։

14-16-րդ դարերի Եվրոպայում խիստ «հարգի» էր, այսպես կոչված, պարային համաճարակը: Երբ հարյուրավոր կամ հազարավոր մարդիկ հանկարծակի սկսում էին անդադար, կատաղի պարել փողոցներում։ Նրանք պարում էին օրերով, շաբաթներով՝ առանց հանգստի, մինչև ուժասպառ լինելը, արյունահոսող վերքեր ստանալը կամ նույնիսկ սրտի կաթվածից մահանալը։
Նույն ժամանակաշրջանում Եվրոպայում տարածված էր մեկ այլ երևույթ, երբ մարդիկ հավատում էին, որ իրենք վերածվում են գայլերի կամ այլ գիշատիչ կենդանիների։ Նրանք սկսում էին չորեքթաթ շարժվել, մորթի փնտրել իրենց մարմնի վրա, ոռնալ լուսնյակ գիշերները և երբեմն նույնիսկ հարձակվել մարդկանց վրա՝ հում միս ուտելու բուռն ցանկությամբ։ Իշխանություններն այդ մարդկանց համարում էին կախարդ կամ սատանայի հետ գործարք կնքածներ: Ու նրանց դատապարտում էին խարույկի վրա այրվելուն։

Այդ երևույթների «հերոսների» ու նորնորքեցի տիկնոջ տարբերությունն այն է, որ առաջիններն իրենք իրենց էին նույնականացնում ինչ-որ անձանց հետ կամ պատկերացնում էին, որ իրենց հետ է ինչ-որ բան պատահել: Իսկ երևանցի այդ կնոջ պատկերացման մեջ Նիկոլն էր վերածվել սիրունիկ ու նախշուն կաքավիկի: Մենք հայ ենք, չէ՞, ուրեմն ինչ-որ բանով պետք է տարբերվենք եվրոպացիներից:
Ինչևէ, ինչպես երևում է, միջնադարյան Եվրոպայում լիքը աննորմալ երևույթներ էին տեղի ունենում: Ու այն, ինչ տեղի է ունենում այսօր Հայաստանում, բացառիկ բան չէ: Ուղղակի տարբերությունն այն է, որ մարդկությունն այդ ընթացքում հսկայական առաջընթաց է ունեցել: Ու նման բաներն այնտեղ այլևս չեն կատարվում, սակայն մեզանում ոնց որ թե դա դառնում է նորմալ վարքագիծ: Ու այդ ամենի պատճառն այն է, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնում է Նիկոլ անունով մեկը: Ու ցանկանում է զբաղեցնել ևս 5 տարի, ինչը պետք է, բնականաբար, մերժել: Մերժել հունիսի 7-ին՝ ընտրատեղամասեր այցելելով ու ընդդիմության ներկայացուցիչ քաղաքական ուժերին՝ համար 3-ին կա՛մ 7-ին և կա՛մ 17-ին ընտրելով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *