Ռազմավարական հարված սահմանամերձ համայնքների կենսունակությանը. հայաթափման սպառնալիքը օկուպացված տարածքների հարևանությամբ

Այսեր Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը.

Ռազմավարական հարված սահմանամերձ համայնքների կենսունակությանը. անասնապահության անկումը և հայաթափման սպառնալիքը օկուպացված տարածքների հարևանությամբ

Իրավիճակի ընդհանուր նկարագիր

Հայաստանի արևելյան սահմանագծով (Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքից մինչև Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայր և Շիկահողի արգելոցի մի զգալի հատված) Ադրբեջանը օկուպացրել է շուրջ 250 կմ² տարածք։ Զբաղեցնելով գերիշխող բարձունքները՝ հակառակորդը սահմանամերձ բնակավայրերի համար ստեղծել է կենսական նշանակության ռեսուրսներից զրկվելու և անվտանգային նոր ռիսկերի իրողություն: Տեղի բնակչության համար՝ փաստացի կաթվածահար անելով ավանդական անասնապահությունը։

Այս օկուպացիան հանգեցրել է հետևյալ ռազմավարական և տնտեսական հետևանքներին.
1. Արոտավայրերի անհասանելիություն և «մեռյալ» գոտիներ.

GIS (աշխարհագրական տեղեկատվական համակարգեր) ArcToolbox-ի համապատասխան ՛՛գործիքներով՛՛ վերլուծությունը փաստում է, որ ադրբեջանական դիրքերի անմիջական հարևանությամբ գտնվող մոտ 82,000 հեկտար բարձրարժեք լեռնային արոտավայրեր դարձել են անհասանելի կամ ծայրահեղ վտանգավոր (տես՝ սխեմատիկ քարտեզ. դեղինով՝ 5կմ, կանաչով՝ 2.5կմ լայնություններով հատկորոշված և առանձնացված արոտավայրերի տարածքները)։ Սահմանագծին զուգահեռ ձևավորվել է միջինը 5 կմ խորությամբ մի շերտ, որտեղ անասնապահական գործունեությունը փաստացի կասեցված է ամբողջությամբ (իսկ որոշ հատվածներում սահմանափակումներով) ուղիղ թիրախավորման, տեսադաշտային վերահսկողության և հովիվների գերեվարման մշտական վտանգի պատճառով։

• Վտանգավորության գոտիների դասակարգումը

Ըստ ռազմական տրամաբանության և տեղանքի տեսանելիության վերլուծության՝ վտանգավոր գոտիները բաժանվում են հետևյալ շերտերի.

→ Ուղիղ թիրախավորման գոտի (0-2 կմ): Գտնվում է հրաձգային զենքերի հասանելիության տակ։ Այստեղ արածեցումը գրեթե անհնար է՝ կենդանիների առևանգման և հովիվների կյանքին սպառնացող ուղիղ վտանգի պատճառով։
→ Հեռահար խոցման և դիտարկման գոտի (2-5 կմ): Գտնվում է խոշոր տրամաչափի զինատեսակների հասանելիության և մշտական դիտարկման ներքո։ Սա ստեղծում է հոգեբանական ճնշում և ռիսկային դարձնում ցանկացած տնտեսական գործունեություն։
→ Օպերատիվ վտանգի գոտի (5-8 կմ): Լեռնային բարձրադիր դիրքերից օպտիկական սարքերի և ԱԹՍ-ների միջոցով վերահսկվող տարածք։ Թեև համեմատաբար անվտանգ է առօրյա պայմաններում, սակայն լոգիստիկ ենթակառուցվածքների (ջրարբիացման կետեր, անասնագոմեր) վտանգված լինելը բարդացնում է արոտավայրերի լիարժեք օգտագործումը։

2. Անասնագլխաքանակի նվազեցում
Հաշվի առնելով լեռնային արոտավայրերի բերքատվության նորմաները (միջինը 3-4 հա մեկ կովի համար)՝ այս տարածքը հնարավորություն է տալիս նորմալ ծանրաբերռվածությամբ պահել միջինացված 25,000 գլուխ խոշոր եղջերավոր անասուն (իրականում այս թիվը միջինը 1.5 անգամ գերանզանցվում է)։

3. Ֆինանսական պոտենցիալ վնասների գնահատում.
Կոպիտ հաշվարկներով Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի համապատասխան 9 խոշորացված համայնքների (Վարդենիսի, Եղեգիսի, Վայքի, Ջերմուկի, Գորայքի, Սիսիանի, Գորիսի, Տեղի, Կապանի) ֆերմերների և տեղական տնտեսությունների ուղղակի տարեկան վնասը, միայն հումքի վաճառքի մասով, գնահատվում է 10-11 մլն ԱՄՆ դոլար (կաթ- տարեկան 50,000,000 լիտր (միջինը 2,000 լիտր մեկ կովից), միս- տարեկան 1,000,000 կգ զուտ միս (մոտ 5,000 գլուխ իրացումից))։

Եթե դիտարկենք վերամշակված արտադրանքի (կաթնամթերք և մսամթերք) շղթան, ապա Հայաստանի տնտեսության կորցրած ավելացված արժեքը կարող է հասնել տարեկան 16-19 մլն ԱՄՆ դոլարի։

4. Ջրային և էկոլոգիական ռիսկեր.
Տարածքների օկուպացիան հանգեցնելու է նաև ջրարբիացման համակարգերի կազմալուծմանը։ Շատ աղբյուրներ և բնական ջրային օբյեկտներ մնացել են հակառակորդի վերահսկողության տակ, ինչը անօգտագործելի է դարձնում նույնիսկ այն հեռավոր արոտավայրերը, որոնք ֆիզիկապես չեն օկուպացվել։

Ամփոփում.
Հայաստանի Հանրապետության տարածքում արևելյան սահմանից ներս թշնամու կողմից բարձունքների զբաղեցումը ոչ միայն ռազմական խնդիր է, այլև նպատակաուղղված հարված Հայաստանի պարենային անվտանգությանը և գյուղական համայնքների կենսունակությանը։ Սա հանգեցնում է անասնագլխաքանակի կրճատմանը, տեղական արտադրանքի թանկացմանը և սահմանամերձ բնակավայրերի տնտեսական դեգրադացիային…

Հ.Գ.:

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության համար Վարդենիս խոշորացված համայնքի կենսունակության աստիճանական անկումն ու դրան հաջորդող հայաթափումը Հայաստանի դիմադրողականության թուլացմանն ուղղված ռազմավարական հաջողություններից մեկն է դառնալու։ Սահմանամերձ բնակավայրերի սոցիալ-տնտեսական կազմալուծումն ու բնակչության արտահոսքը հակառակորդի կողմից ընկալվում է որպես «փափուկ ուժի» և ռազմական ճնշման համակցմամբ ձեռք բերվող ժողովրդագրական հաղթանակ..

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *