Թաթոյան․ Գյումրին պետք է դառնա Հայաստանի երկրորդ մայրաքաղաքը

Ընտրողը Հայաստանի բարձրագույն իշխանությունն է։ Այս մասին Գյումրիի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Միասնության թևեր» կուսակցության առաջնորդ Արման Թաթոյանը։

Նա քաղաքացիներին կոչ է արել հիշել, որ հենց իրենք են քաղաքական գործիչներին օժտում իշխանությամբ և պաշտոններով, չտրվել վախեցնելու ու մանիպուլյացիաների փորձերին։ «Ոչ մի պաշտոնյա իրավունք չունի կոպտել քաղաքացիներին։ Տեսեք, ինչ է կատարվում։ Ինչպես է պաշտոնյան խոսում հայ կնոջ հետ»,- վրդովվել է Թաթոյանը՝ նկատի ունենալով վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպերը։ Ըստ նրա, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բոլոր դեպքերում խոսքը կա՛մ զոհվածների կամ անհետ կորածների հարազատների, կա՛մ սեփական կարծիք ունենալ համարձակված կանանց մասին է։

Մյուս խնդիրն այն է, որ շատ երիտասարդներ իրենց ապագան չեն կապում Հայաստանի հետ։ Երիտասարդությանը անհրաժեշտ են լավ կրթություն, կանխատեսելի ապագա և լավ վարձատրվող աշխատանք, ընդգծել է Թաթոյանը։

Նրա կարծիքով, Գյումրին պետք է դառնա երկրի խոշոր կենտրոններից մեկը՝ ուշադրությունը կենտրոնացնելով տնտեսության և կրթության ոլորտների վրա։ «Շիրակ» օդանավակայանը պետք է դառնա «Զվարթնոց»-ի մրցակիցը։ Գյուղատնտեսության զարգացման համար անհրաժեշտ է նվազեցնել ոռոգման ջրի գինը՝ 500-ից մինչև 2000 դրամ՝ կախված ցանքատարածությունների մակերեսից, ստեղծել ագրոխորհրդատվական կենտրոններ։

Խոսելով իշխանությունների արտաքին քաղաքականության ձախողումների մասին՝ նա նշել է ՌԴ տարբեր ապրանքների արտահանման արգելքները՝ հավելելով, որ դա մեկ երկրից կախվածության հետևանք է։ Քաղաքական գործիչը կարծում է, որ տնտեսությունը պետք է դիվերսիֆիկացնել՝ միաժամանակ չվատթարացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ, որի հետ Հայաստանը կապում են դարավոր հարաբերությունները, բարեկամությունն ու մշակութային կապերը, ինչպես նաև տասնյակ հազարավոր արտագնա աշխատողները։

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *